ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մոսկվայի նախաձեռնած եռակողմ մեխանիզմներն ու փաստաթղթերը Երևանին ու Բաքվին չեն պարտադրվել. դեսպան

Մոսկվայի նախաձեռնած եռակողմ մեխանիզմներն ու փաստաթղթերը Երևանին ու Բաքվին չեն պարտադրվել. դեսպան

Արցախում 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած լրջագույն տարածաշրջանային գործընթացների համատեքստում Ռուսաստանն ի՞նչ դժվարությունների է բախվում իր ոչ դյուրին միջնորդական ու խաղաղապահ առաքելության մեջ: «Օրբելի» կենտրոնին տված հարցազրույցում, անդրադառնալով այս հարցին, ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը նշել է, որ դժվարություններն ակնհայտ են: 

«Դրանք բխում են առաջին հերթին այն սուր խնդիրներից, այդ թվում` պատմական շերտերից, որ գոյություն ունեն և հաճախ, ցավոք, որոշիչ են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերություններում: Դա ստեղծում է ոչ հեշտ քաղաքական և հուզական դաշտ` իրավիճակի կարգավորման, առկա խնդիրների լուծման փոխընդունելի լուծումների որոնման ուղղությամբ գործադրվող բոլոր ջանքերի համար: Ստիպված ենք լինում հաշտվել ԼՂ կարգավիճակի հարցում կողմերի` տրամագծորեն հակադիր մոտեցումների հետ, ինչպես նաև իրավիճակի վրա ներքաղաքական գործոնների, երրորդ երկրների ու աշխարհաքաղաքական խաղացողների շահերի ազդեցության հետ»,- ասել է նա:

Դեսպանը հայտնել է, որ իրենք այդ շահերին ըմբռնումով են մոտենում, սակայն եթե կա իրական շահագրգռվածություն` Հարավային Կովկասն անվտանգության, խաղաղության ու զարգացման տարածաշրջան դարձնելու հարցում, ապա բոլոր` այս կամ այն կերպ իրավիճակին ներգրավված կողմերը պետք է առաջնորդվեն առնվազն չվնասելու հայտնի սկզբունքով:

«Կցանկանայի ընդգծել, որ Մոսկվայի նախաձեռնած բոլոր եռակողմ մեխանիզմներն ու փաստաթղթերը կողմերին չեն պարտադրվել, այլ դարձել են Երևանի ու Բաքվի հետ համաձայնեցման քրտնաջան աշխատանքի արդյունք` հիմնված շահերի հավասարակշռության և ինքնիշխանության հարգման վրա»,- ասել է նա:

Ընդհանուր առմամբ, ըստ դեսպանի, եթե հիշենք այն ողբերգական իրավիճակը, որ տիրում էր, երբ ռուսական խաղաղապահ զորախումբը դեռ նոր էր տեղակայվում, և ներկա դրությունը, ապա ակնհայտ է տարբերությունը:

«Եռակողմ հայտարարության բոլոր դրույթները պետք է ամբողջապես իրականացվեն: Կարևոր է կողմերի միջև կառուցողական երկխոսությունը, որի կայացման համար ՌԴ-ն ձեռնարկում է բոլոր հնարավոր ջանքերը: Հետևողական քայլեր են կատարվում պահվող անձանց վերադարձի ուղղությամբ: Հավատացեք, սրանք պարզապես խոսքեր չեն. դրանց հետևում կոնկրետ քայլեր են, որոնց արդյունքը դարձել է դեկտեմբերի 4-ին ևս 10 հայ քաղաքացիների` Ադրբեջանից վերադարձը: Ընդհանուր առմամբ ռուսական կողմի միջնորդության շնորհիվ վերադարձել են ՀՀ 115 քաղաքացիներ»,- նշել է Կոպիրկինը:

Դեսպանն ընդգծել է` Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ նպաստել ՀՀ ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը` աջակցելով բոլոր մակարդակներում կապերի հաստատմանն ու ընդլայնմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում` հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև վստահության ձևավորման նպատակով հասարակության ներկայացուցիչների միջև երկխոսության հաստատմանը:

  • Կիսվել: