երեքշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2024
«ՄԿՈւ համակարգում Էրազմուս+ ծրագրի ներդրումը դրական ցուցանիշներ է գրանցում». Սվաջյան

«ՄԿՈւ համակարգում Էրազմուս+ ծրագրի ներդրումը դրական ցուցանիշներ է գրանցում». Սվաջյան

Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ԵՄ աջակցությամբ էրազմուս+ ծրագրերի շրջանակում ընթանում է 4 ծրագիր: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նախարարությունում այսօր կայացած «Էրազմուս+ նախագծերի մեկնարկային օր 2024» միջոցառման ընթացքում:

Հայաստանում էրազմուս+ ազգային գրասենյակի հետ համագործակցությամբ կազմակերպված միջացառման նպատակն է ներկայացնել դրամաշնորհ ստացած բուհերի և ՄԿՈւ հաստատությունների կողմից իրականացվող նախագծերը և ակնկալվող արդյունքները:

Անդրադառնալով ՄԿՈՒ հաստատությունների մասնակցությամբ իրականացվող ծրագրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է կրթական բոլոր մակարդակներում, մասնավորապես, ՄԿՈՒ ոլորտում միջազգայնացմանն ու որակի բարձրացմանն ուղղված քայլերը:

«Միջազգայնացման գործընթացներին նպաստող և հնարավորություններ ընձեռող ծրագրերից մեկը Էրազմուս+ն է, որը թույլ է տալիս թե՛ համագործակցություն ձևավորել եվրոպական նմանօրինակ ուսումնական հաստատությունների հետ, թե՛ իրականացնել կրթական ծրագրերի վերանայում, թե՛ կազմակերպել ուսանողների և դասախոսների փոխանակում: Ծրագրի շնորհիվ ընդլայնվում են պատկերացումներն այն մասին, թե տվյալ մասնագիտությամբ այլ երկրներում ինչպես է կազմակերպվում ուսուցման գործընթացը: Սա նաև հնարավորություն է ուսանողական կյանքին վերաբերող տարբեր մշակույթների տեղայնացման և կրթական ողջ գործընթացի բարելավման համար»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նախարարի տեղակալի խոսքով՝ «Էրազմուս+» ծրագրի ներդրումը նախնական և միջին մասնագիտական կրթական համակարգում ենթադրում էր գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցային կապերի հաստատում, համատեղ ծրագրերի մշակում, կրթական բովանդակության բարելավում. «Սկզբնական շրջանում գուցե որոշակի մտահոգություններ կային, բայց այսօր արդեն կարող ենք փաստել, որ ՄԿՈՒ համակարգում Էրազմուս+ ծրագրի ներդրումը դրական ցուցանիշներ և նկատելի առաջընթաց է գրանցում»:

Արաքսիա Սվաջյանի համոզմամբ՝ մեկնարկած ծրագրերը ՄԿՈՒ համակարգում շոշափելի արդյունքներ են տալու և բերելու են նշանակալի փոփոխությունների:

««Էրազմուս+» ծրագրի ներդրումը քոլեջների և ուսումնարանների համար նոր հնարավորություն է ինչպես մանկավարժների և վարպետների կարողությունների զարգացման, այնպես էլ ուսանողների փոխանակման ծրագրերի, կրթությունը եվրոպական ուսումնական հաստատություններում շարունակելու, մեր երկրում նոր նշաձողեր սահմանելու տեսանկյունից: Վստահ եմ՝ նմանօրինակ քննարկումները կօգնեն բացահայտել առկա խնդիրներն ու գտնել ուղիներ գործընթացի լավարկման և արդյունավետության բարձրացման համար»,- ասել է նախարարի տեղակալը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչ, ծրագրերի ղեկավար Դավիթ Ավագյանը ևս ողջունել է ներկաներին և նշել՝ թեև ՄԿՈՒ ոլորտում ««Էրազմուս+»-ը համեմատաբար նոր է ներդրվել, բայց արդեն իսկ բավականին ակտիվ արձագանքներ կան:

«Ունենք դրական ցուցանիշ, մասնավորապես, կարողությունների զարգացման ծրագրերի տեսանկյունից: Հայաստանում ՄԿՈՒ ոլորտում իրականացվող 4 ծրագրերը հիմնականում կենտրոնանում են աշխատահեն ուսուցման, որակի ապահովման մեխանիզմների ստեղծման, ուսուցիչների վերապատրաստման և ուսուցման, հիմնարար գիտելիքների, հմտությունների և իմացությունների զարգացման, ինչպես նաև պետություն-մասնավոր ոլորտ համագործակցության խորացման ուղղությամբ»,- ասել է Դավիթ Ավագյանը:

Միջոցառման շրջանակում տեղի ունեցած պանելային քննարկումների ժամանակ ներկայացվել են Էրազմուս+ ծրագրի 2023թ․ մրցույթում ֆինանսավորված նախագծերը և դրանց ազդեցությունը միջին մասնագիտական կրթության վրա: Քննարկումներին մասնակցել են նախագծերի ղեկավարները, միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, կրթության ոլորտում քաղաքականություն մշակողներ, հասարակական կազմակերպությունների, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և շահագրգիռ այլ անձինք։

Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող Էրազմուս+ ծրագրի 2024 թվականի մեկնարկային օրվա բացմանը մասնակցել էին նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

  • Կիսվել: