ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ԲՈԿ նախագահի և ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ նիստին

Մխիթար Հայրապետյանն անդրադարձել է ԲՈԿ նախագահի և ԿԳՄՍ փոխնախարարի մասնակցությամբ նիստին

Այսօր ԱԺ-ում Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի հանձնաժողովի արտահերթ, դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց, որ քննարկումը բավականին կառուցողական անցավ, թեպետ տեղ-տեղ կարող էին նաև հուզական լինել, բայց ինքը բավականին գոհ է և առավել քան վստահ է, որ հետագա  գործունեության համար բավական օգտակար և արդյունավետ աշխատանք իրականացրին:

Նշենք, որ հանձնաժողով էին հրավիրվել ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը և ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը:

Նա նշեց. «Կարծում եմ՝ այսօր ոչ բոլոր հարցերը հասցրինք սպառել: Քննարկման փակ ձևաչափում և՛ ԲՈԿ նախագահը, և՛ ԿԳՄՍ փոխնախարարը առավելագույնս բաց  ներկայացրին իրենց քննադատությունները և մեղադրանքները, մյուս կողմը՝ հակափաստարկները»: Հայրապետյանն ասաց նաև, որ դռնփակ ձևաչափը ենթադրում է, որ այս փուլում չի կարող կիսվել քննարկման բովանդակության մանրամասներով:

Նա անդրադարձավ նաև այն հարցին, թե հնարավո՞ր է՝ Գոգյանը հետ վերցնի ազատման դիմումը: Հայրապետյանը նշեց, թե այս պահին չի կարող ասել:

Ինչ վերաբերում է նիստին անմիջապես ԿԳՄՍ նախարարի մասնակցությանը՝ քննարկումն ավելի արդյունավետ դարձնելու համար, Հայրապետյանն ասաց. «Հանուն արդարության ասեմ, որ Արայիկ Հարությունյանը ԱԺ ամենաշատ այցելած նախարարն է, և սա նաև խոսում է մեր հանձնաժողովի և տվյալ գերատեսչության միջև սերտ համագործակցության մասին, այս իմաստով ճիշտ չէ խոսել, որ չի ցանկացել կամ որևէ կաշկանդվածություն կա: Նպատակահարմար ենք համարել, որ կոնկրետ խնդրի հասցեատերը ներկայանա ԱԺ, նրան ուղղվեն հարցերը: Հարկ եղած դեպքում, չկասկածեք, որ ԱԺ կհրավիրվի նաև նախարարը»:

Գնահատելով սպորտի ներկայացուցիչները ֆեյսբուքյան գրառումները՝ ի աջակցություն Գրիշա Թամրազյանի՝ Հայրապետյանը դրանք համարեց հետքայլ՝ աասելով. «Ես չեմ ողջունում նման մոտեցումները, և ես հույս ունեմ, որ ապագայում թո՛ մարզիկները, թե՛ արվեստագետները, թե՛ ռեկտորները հաշվի կառնեն, որ դեռևս կոմունիզմից և Հանրապետական իշխանության օրոք հատկապես առավել վառ և ցայտուն այդ մշակույթը տեղ չունի մերօրյա Հայաստանում, և ուրախ եմ, որ նաև փոխնախարարը դիրքորոշում ունի սրա հետ կապված: Կարծում եմ՝ եթե խոսքը ՀՊՏՀ-ի և հովանավորչության մասին է, ապա մազիկները գուցեև պետք է զերծ մնան նման հայտարարություններ անելուց»:

Նշենք, որ ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը իր հրաժարականի դիմումի հիմնավորման մեջ նշել էր, թե պատճառներից մեկն էլ այն է, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի դոկտորական աշխատանքում առկա են ակնհայտ արտագրություններ ու թարգմանություններ, և որ ռեկտորը համապատասխան կապերի ու հովանավորչության միջոցով շարունակում է պաշտոնավարել:

 

  • Կիսվել: