երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
ՄԻՊ աշխատակազմում հյուրընկալվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները

ՄԻՊ աշխատակազմում հյուրընկալվել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 20-ին հյուրընկալել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողներին։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Անդրանիկ Եղոյանը և Պաշտպանի օգնական Կլարա Հովհաննիսյանը։
Պաշտպանը ուսանողներին ներկայացրել է հաստատության իրավասությունների շրջանակը, գործունեության հիմնական ուղղությունները և առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերներին:
Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ ՄԻՊ հաստատությունն անկախ և ապաքաղաքական կառույց է, որի առաքելությունը մարդու իրավունքների պաշտպանությունն ու խթանումն է՝ ներառյալ կրթական ոլորտում իրականացվող բարեփոխումների միջոցով։
Անահիտ Մանասյանն անդրադարձել է նաև իրավահավասարության և հակախտրականության ոլորտում առկա խնդիրներին՝ ընդգծելով, որ հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է իրեն լիարժեք պաշտպանված զգա և օգտվի մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքներից:
Հանդիպումն անցկացվել է հարցուպատասխանի ձևաչափով. ուսանողները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող մի շարք հարցեր՝ կապված քրեակատարողական հիմնարկներ և մարզեր այցերի, Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների, մարզային ստորաբաժանումների գործունեության, երեխաների իրավունքների պաշտպանության, բռնության դեպքերի կանխարգելման, աշխատանքային իրավունքների պաշտպանության, իրազեկման աշխատանքների, ինչպես նաև Պաշտպանի լիազորությունների գործիքակազմի, անկախության երաշխիքների և այլ հիմնահարցերի հետ։
Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել ուսանողներին ակտիվ և բովանդակային քննարկման համար։
Հանդիպումը նախաձեռնել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողական խորհրդի արտաքին կապերի հանձնաժողովը։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսանողների հետ ճանաչողական հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: