ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
«Մեյմանդար»-ի շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիայով հարուցված քրեական գործով երկու անձ կալանավորվել է

«Մեյմանդար»-ի շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիայով հարուցված քրեական գործով երկու անձ կալանավորվել է

Արմավիրի մարզի «Մեյմանդար» շուկայում տեղի ունեցած բողոքի ակցիայի փաստով հարուցված քրեական գործով նույն մարզի բնակիչ Արարատ Պետրոսյանը կալանավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նրա պաշտպան Վահե Ամիրջանյանը տեղեկացրեց, որ նման որոշում է կայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ՝ այդպիսով բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը:

Վահե Ամիրջանյանը տեղեկացրեց, որ Պետրոսյանը նախ ձերբակալվել է, ապա նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար: Պաշտպանի խոսքով՝ նա մեղադրանքը չի ընդունել, ցուցմունք տալուց էլ հրաժարվել է. «Իմ պաշտպանյալն ասում է, որ դեպքի վայրում եղել է, սակայն ըստ իրեն՝ գործողությունների չի մասնակցել, ոչ մի բանի հետ կապ չունի. գյուղացի տղա է, իր համար իր ապրանքն է վաճառում շուկայում»: Հարցին՝ ըստ մեղադրանքի՝ նրան վերագրվո՞ւմ է դեպքի վայրում եղած մեքենան շուռ տալու գործողությունը, պաշտպանը չցանկացավ պատասխանել՝ հղում անելով նախաքննական գաղտնիության սկզբունքին:

Դատարանի որոշումը պաշտպանն անհիմն է որակում եւ այն այսօր բողոքարկել է Վերաքննիչ դատարան: Բողոքը դեռեւս չի քննվել:

Նույն քրեական գործով կալանավորվել է մեկ այլ քաղաքացի եւս: Հանրային պաշտպան Էդգար Թովմասյանը մեր զրույցում տեղեկացրեց, որ իր պաշտպանյալ Արտակ Նաջարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` կազմակերպված խմբի կողմից խուլիգանության համար: Նա եւս առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել:

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումը:

Հիշեցնենք՝ մայիսի 30-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները մշտադիտարկում էին անցկացրել ՀՀ գյուղատնտեսական բոլոր շուկաներում, որոնցից մի քանիսում հայտնաբերվել էին խախտումներ: Արդյունքում, ՀՀ պարետը շուկան 24 ժամով փակելու որոշում էր կայացրել, ինչն էլ զայրացրել էր առեւտրականներին. նրանք կարծում էին, որ շուկայի փակումը իրենց տնտեսությանը լուրջ վնասներ կհասցնի, եւ պնդում, որ կարելի է ախտահանել առանց իրենց գործունեությունը դադարեցնելու էլ:

  • Կիսվել: