«Mercedes»-ը հայտնվել է Աղստև գետում․ կան 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան Դիլիջան-Իջևան ավտոճանապարհի՝ Թեղուտ բնակավայրի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50-60 մետր բարձրությունից ընկել Աղստև գետը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու ըստ դեպքի վայրում հավաքվածների օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, հոսպիտալացվել են «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Պողոս Մոսինյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանն ու ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Եփրեմ Գալստյանը։
Վթարի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Արամ Հարությունյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետ Արգամ Ռաֆայելյանի, բաժնի պետի տեղակալ Մազյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվում, որ վիրավորներից մեկը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան վերամբարձ կռունկով դուրս է բերվելու գետից և տեղափոխվի ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։