ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեր նպատակն է մարզերում ստեղծել երիտասարդական միջավայր. ԿԳՄՍ փոխնախարար

Մեր նպատակն է մարզերում ստեղծել երիտասարդական միջավայր. ԿԳՄՍ փոխնախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն համատեղ անցկացրել են EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագրի ամփոփիչ համաժողովը՝ «Երիտասարդների մասնակցության, զբաղվածության և ձեռներեցության խթանումը Հայաստանում․ EU4Youth ծրագրի ընթացիկ գործողությունները և 2023-ի պլանները» խորագրով։

Ինչպես hայտնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ միջոցառմանը ելույթ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը:

Համաժողովի նպատակն էր ամփոփել Եվրոպական միության աջակցությամբ իրականացվող EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագրի ձեռքբերումները, քննարկել Հայաստանում երիտասարդական քաղաքականության ներկա իրավիճակը, անդրադառնալ EU4Youth ծրագրի հետագա առաջնահերթություններին և իրականացնել երիտասարդության ոլորտում ապագային միտված միջոլորտային քննարկումներ։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ EU4Youth ծրագիրը համահունչ է ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններին, որով փորձ է արվում տարբեր ծրագրերի միջոցով բարձրացնել երիտասարդության մասնակցությունը: Ծրագրի շրջանակում մշակվել են հանրային քաղաքականության լաբորատորիաներ, որոնք ինտերակտիվ մեթոդաբանությամբ նպաստել են երիտասարդների միջև կառուցողական երկխոսությանը: Առանձնացնելով մարզաբնակ երիտասարդների մասնակցությունը՝ որպես առաջնահերթություն, ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է. «Մեր նպատակն է Երևանից դուրս՝ մարզերում, ստեղծել երիտասարդական միջավայր, որտեղ ինտելեկտուալ ժամանցին զուգահեռ երիտասարդները կբացահայտեն իրենց կարողություններն ու հնարավորությունները: «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագիրը կաջակցի ռազմավարական առաջնահերթության կյանքի կոչմանը»:

Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է իրական մասնակցության անհրաժեշտությունը և շեշտել, որ առաջնայինը ոչ թե ձևաչափն է, այլ երիտասարդների՝ հանրային կյանքը բարեփոխելու գործում սեփական դերակատարման  գիտակցումը:

ԿԳՄՍ փոխնախարարն անդրադարձել է նաև «Երիտասարդության մասին» օրենքի մշակմանը, որը նախարարության առաջնահերթություններից է:

«Նախատեսվում է նախևառաջ անել հետազոտություն՝ բացահայտելու երիտասարդության հիմնական խնդիրները, հասցեագրելու իրական բացերը՝ արդյունավետ լուծման նպատակով: Խնդիրները նախանշելուց հետո ենթադրվում է մեթոդաբանական աջակցություն նաև այլ կառույցներից՝ որպես տվյալ ոլորտի առաջին կատարող»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և նշել արդյունքները չափելի դարձնելու համար ազգային ինդեքս ունենալու անհրաժեշտությունը:

Համաժողովի ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Եվրոպական հանձնաժողովի միջազգային աջակցության և համագործակցության պատասխանատու Յոհան Շմիդտը, «Երիտասարդների ներգրավվման ճանապարհային քարտեզ» ծրագրի ղեկավար Քրիստիան Վագները, պետական կառույցների, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և միջազգային կազմակերպությունների այլ ներկայացուցիչներ։

Ելույթ է ունեցել նաև Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը.

«Նման համաժողովները ոչ միայն բաց երկխոսության հրաշալի հարթակ են, այլև հնարավորություն՝ անդրադառնալու, քննարկելու և փուլային ձևաչափով ամփոփելու Հայաստանում երիտասարդական քաղաքականության առաջնահերթություններին միտված մի շարք ծրագրերի և նախաձեռնությունների ընթացիկ գործողությունների ընդհանուր պատկերը»: Նա ներկայացրել է այն ծրագրերը, որոնք այս տարի նախատեսվում է իրականացնել երիտասարդների ակտիվ մասնակցությամբ:

EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավման ճանապարհային քարտեզներ» ծրագիրն Արևելյան գործընկերության 6 երկրում, այդ թվում՝ Հայաստանում, խթանում է երիտասարդների մասնակցությունը, զբաղվածությունը և ձեռներեցությունը։ Ծրագրի շրջանակում մշակվել և Հայաստանում իրականացվել են հանրային քաղաքականության 3 լաբորատորիաներ՝ նպաստելու երիտասարդների և այլ շահագրգիռ կողմերի միջև կառուցողական երկխոսությանը երիտասարդներին վերաբերող մի շարք քաղաքականությունների մշակման շուրջ։ Ծրագրի իրականացումն ավարտվում է 2023 թվականի փետրվարին, որից հետո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) (GIZ) կողմից կմեկնարկի նոր EU4Youth՝ «Երիտասարդների ներգրավում և հզորացում» ծրագիրը։

  • Կիսվել: