հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Մեր հոգևոր վիճակից է մեծապես կախված մեր նյութական կյանքի ընթացքը»․ Արձագանք Պրուսիկինի համերգի չեղարկմանը

«Մեր հոգևոր վիճակից է մեծապես կախված մեր նյութական կյանքի ընթացքը»․ Արձագանք Պրուսիկինի համերգի չեղարկմանը

«Սրբազան Հայաստան» նախաձեռնությունը, որն օրեր առաջ տեղեկացրել էր Little Big խմբի հիմնադիր Իլյա Պրուսիկինի կողմից քրիստոնեական խաչն անարգելու մասին, այսօր հայտարարությամբ անդրադարձել է Հայաստանում նրա համերգի չեղարկման փաստին։

«Սիրելի հայրենակիցներ,

Ուրախ ենք տեղեկացնել, որ Տիրոջ ողորմությամբ ու մեր բոլորի համատեղ ջանքերով «Little Big» խումբը չեղարկել է իր օգոստոսի 12-ի համերգը Հայաստանում:

Հիշեցնենք, որ խմբի հիմնադիր, Խաչն անարգող սրբապիղծ Պրուսիկինի այցի հետ կապված հանրային մեծ դժգոհության ալիք էր բարձրացել, և 1257 քաղաքացի (այս պահին՝ 2076) ընդամենը 1 օրում միաբանվելով, Գլխավոր դատախազին 09.08.23թ.-ին հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել:

Արցախում մեր հայրենակիցների շրջափակման պարագայում սա կարող էր առաջին հայացքից թվալ մի աննշան հարց: Սակայն մեր ընդհանուր հոգևոր վիճակից է մեծապես կախված մեր նյութական կյանքի ընթացքը: Հազարավոր երիտասարդներ կամա, թե ակամա կարող էին պղծվել նախատեսվող այս դիվային շոուից:

Այսպիսով, Սրբազան Հայաստանում այլասերված, սրբապիղծ, հայհոյալեզու, թմրամոլ երգիչների և կատարողների մուտքը անցանկալի է:

Եթե մենք ջանք գործադրենք ու հրաժարվենք մեղքից, զերծ մնանք պղծությունից, դառնանք դեպի Տերը, ապաշխարենք, պահենք մեր Սրբազան հավատը, ապա չարը կխափանվի, խավարը կհալածվի, Լույսը կծագի, ու առաջինը քրիստոնյա դարձած մեր Հայրենիքը կզորանա ՏԻՐՈՋՈՎ և նորից կճանաչվի որպես Քրիստոնյա Հայաստան:

Եկեք կրկին շնորհակալություն հայտնենք բոլոր պատվախնդիր մարդկանց և հազար բերան Փառք տանք մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ բարձունքներում»,- նշված է «Սրբազան Հայաստան» նախաձեռնության հաղորդագրությունում:

  • Կիսվել: