երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում․Խաչատրյան

Մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում․Խաչատրյան

Պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ այսօր հասարակական տրանսպորտում կատարվածի վերաբերյալ դժվար է քաղաքակիրթ բառապաշարով արտահայտվել։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

«Պարզվում է մեր հանրության մեջ դեռ քիչ չեն այն լածիրակները, ովքեր սովոր չեն, որ ԱԺ պատգամավորը ավտոբուսով է երթևեկում, նրանք սովոր են պատգամավորին տեսնել մեծ ու շքեղ «ջիպերի» մեջ` թիկնազորով և անձնական վարորդներով շրջապատված։

Այ էդ ժամանակ անդաստիարակ լածիրակները շատ հեզ ու զգույշ են լինում`անգամ նրանց ուղղությամբ հայացք թեքելիս։ Հակոբ Ասլանյանը 69 տարեկան է, մասնակցել է արցախյան երեք պատերազմներին, երկու անգամ ստացել է վիրավորում»,- գրել է Խաչատրյանն ու ներկայացրել Ասլանյանի կենսագրությունը։

Ստորև ներկայացնում եմ Հ.Ասլանյանի ինքնակենսագրությունը։

Հակոբ Արսենի Ասլանյանը ծնվել է 1954թ. օգոստոսի 1-ին Արմավիրի մարզի Ջրաշեն գյուղում:

1974-1976թթ. ծառայել է խորհրդային բանակում:

1988թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմություն-իրավունք ֆակուլտետը:

1971-1972թթ. եղել է «Հայգլավէներգո» կենտրոնական էլեկտրացանցի բանվոր:

1972-1974թթ. եւ 1977-1978թթ.՝ Երեւանի Մյասնիկյանի շրջանի կանաչապատման գրասենյակի փականագործ բանվոր:

1978-1982թթ.՝ «Սոյուզինտերգազստրոյ» համամիութենական միավորման ապրանքագետ, ապա ճարտարագետ: 1987-1994թթ.՝ Երեւանի թիվ 149 դպրոցի ուսուցիչ:

1994-2002թթ.՝ Երեւանի Շիրակացու անվան ճեմարանի ուսուցիչ, պատմության ամբիոնի վարիչ: 2000-2003 թթ.՝ Երեւանի «Ալգորիթմ» վարժարանի ուսուցիչ:

2003-2010թթ.՝ Երեւանի թիվ 164 դպրոցի ուսուցիչ:

2010-2015թթ.՝ Երեւանի թիվ 127 ավագ դպրոցի ուսուցիչ:

2011թ. փետրվար-հուլիս՝ Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի տեղակալ: 2015-2018թթ.՝ «Գլոբալ բրիջ» կրթահամալիր ՍՊԸ-ի ուսուցիչ:

2018-2019թթ.՝ ՀՀ սփյուռքի նախարարության «Հայրենիք-սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն:

2020թ. հունիս-դեկտեմբեր՝ ՇՄ նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդական:Արցախյան երեք պատերազմների մասնակից է:

24.12.2020-02.08.2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, թիվ 1 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակ): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

Պարգեւատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» (1997թ.,ՊՆ) եւ «2016թ. ապրիլյան պատերազմի մասնակից» (2019թ., Արծիվ մահապարտների միություն) կրծքանշաններով, «Վազգեն Սարգսյան» (2007թ., Արծիվ մահապարտների միություն) եւ «Ասպետաց Մեծն Տիգրան» (2016թ.) շքանշաններով, «Մայրական երախտագիտություն» (2007թ., ԱՀ), «Գարեգին Նժդեհ» (2010թ., ՊՆ), «Մարտական ծառայության» (2016թ., ՀՀ), «Դրաստամատ Կանայան» (2013թ., ՊՆ), «Զինվոր հայրենյաց» (2013թ., «Զինվոր» ՀԿ), «Փառապանծ մարտիկ» (2021թ. «Հայրենասիրական միություն» ՀԿ), «ՀՀ զինված ուժեր. 20 տարի» հոբելյանական (2022թ., ՊՆ), «ՀՀ զինված ուժեր. 30 տարի» հոբելյանական (2022թ., ՊՆ), «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի (2022թ.) մեդալներով, «Կրթության երախտավոր» ոսկե հուշամեդալով (2012թ.):

Ամուսնացած է, ունի երկու զավակ»,-նշել է նա:

Նշենք, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի նկատմամբ խուլիգանական վարք դրսևորած անձը՝ Սամվել Վարդանյանը, ձերբակալվել է:

Անդրադառնալով այս միջադեպին՝ Հակոբ Ասլանյանն ասել է, որ մի ինչ-որ վարձու խառնակիչ էր, անհայրենիք, որը իրեն նվիրյալ է կարծում:

Միջադեպին անրադարձել և դատապարտել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:Նա շեշտել է, որ արարքը շատ արագ արժանանալու է օրենքի ամենախիստ արձագանքին՝ հավելելով, որ դրանում թող որևէ մեկը չկասկածի:

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննսյանը և նույն խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ևս դատապարտել են տեղի ունեցած միջադեպը:

 

  • Կիսվել: