հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Մեր արտադրանքում խախտումներ չեն հայտնաբերվել, բայց նման հետազոտություններ անցկացնելիս պետք է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով․ «Երեմյան Փրոդաքթս»

Մեր արտադրանքում խախտումներ չեն հայտնաբերվել, բայց նման հետազոտություններ անցկացնելիս պետք է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով․ «Երեմյան Փրոդաքթս»

«Երեմյան Փրոդաքթս» ընկերությունը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հայտարարություն է տարածել, որն ամբողջությամբ հրապարակվում է ստորև.

«Կրկին շնորհակալություն ենք հայտնում «Հետք»-ին և բոլոր լրատվամիջոցներին, որոնք շարունակաբար ուշադրության կենտրոնում են պահում սննդամթերքի անվտանգության կարևորագույն թեման։ Անկախ այն հանգամանքից, որ մեր արտադրանքում բացառվել են  խախտումները և բարձր են գնահատվել համային ու որակական հատկանիշները,  այդուհանդերձ, հարկ ենք համարում հանրությանը ներկայացնել մեր դիրքորոշումը։

Որպես հանրային սննդի և սննդամթերքի արտադրության ոլորտում երկարատև ու հարուստ փորձ ունեցող ընկերություն՝ կրկին արձանագրում ենք, որ սննդի անվտանգության հարցը չափազանց նուրբ և զգայուն թեմա է, որի շուրջ անհարկի աղմուկ և շոու ստեղծելը բացարձակ տեղին չէ։ Նման հետաքննություններ անցկացնելիս առավել նպատակահարմար է առաջնորդվել «մի վնասիր» սկզբունքով՝ սպառողին, արտադրողին, հանրությանն ու պետությանը։

«Երեմյան Փրոդաքթս» ընկերությունը ևս մեկ անգամ վերահաստատում է այն պնդումը, որ սպառողներին տրվող տեղեկատվությունը պետք է լինի ամբողջական, հասանելի ձևով ներկայացված։ Սպառողը պետք է իմանա, թե ինչու է ընտրվել հենց այդ ընկերությունների արտադրանքը, ինչու է ընտրվել հետազոտման այս կամ այն ցուցիչը, ինչ է դա իրենից ներկայացնում, որքանով է վտանգավոր տվյալ արդյունքը և վտանգավոր է արդյոք, թե ոչ։ Ոչ ամբողջական ու թերի տրամադրված տեղեկատվությունը սպառողներին ահաբեկում ու խուճապ է ստեղծում, ապակողմնորոշում և խեղում է սպառողական վարքն ու մշակույթը։

 

Հանրությունը պետք է հստակ տեղեկացված լինի, որ նման հետազոտություններն իրականացվում են Կաթնամթերքի նմուշառման ու փորձաքննության իրականացման հատուկ ընթացակարգով (ԳՕՍՏ Ռ 58340-2019), որտեղ նաև սահմանվում է, որ ոչ պակաս, քան 3 տարբեր լաբորատորիաներում իրականացված հետազոտություններն են կարող ապահովել արժանահավատ, օբյեկտիվ և առավելագույն ճշգրիտ արդյունքները։ 

Երբ գործ ունենք հայրենական արտադրության հետ, անհրաժեշտ է հիշել, որ այն իր կայացման և զարգացման ճանապարհն անցնում է դժվարագույն պայմաններում, և անհրաժեշտ է պատասխանատվություն և զգուշավորություն ցուցաբերել՝ կազմակերպությունների տարիներով կուտակած բարի համբավն անհարկի չշահարկելու և  անբարեխիղճ մրցակցության առիթներ չստեղծելու առումով։

Այս պահի դրությամբ «Երեմյան Փրոդաքթսը»-ը սպասում է այն հետազոտությունների պատասխաններին, որոնք նախաձեռնել են ՍԱՏՄ-ն և Սպառողների միությունը՝ նույն արտադրողների և նույն ապրանքատեսակների շրջանում։

Մենք շարունակում ենք մեր երկրում կաթնարտադրության և կաթնամթերքի սպառման նոր մշակույթ ձևավորելու մեր առաքելությունը, անընդհատ կատարելագործում ենք սննդի անվտանգության ապահովման, արտադրության նոր որակի ու չափանիշների սահմանմանն ուղղված մեր աշխատանքը»:

  • Կիսվել: