ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Մեքենաների տեխզննման պարբերականությունը կարող է փոխվել

Մեքենաների տեխզննման պարբերականությունը կարող է փոխվել

Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված օրինագծով առաջարկվում է փոխել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը, գրում է panarmenian.net-ը:

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացրված օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ, իսկ 10 տարեկանից բարձրի դեպքում՝ տարեկան 1 անգամ պարբերականությամբ:

Ուղևորափոխադրումներում ներգրավված մինչև 10 տարեկան տրանսպորտային միջոցները տեխնիկական զննությունը կանցնեն տարին մեկ, իսկ 10-ից բարձրերը՝ տարեկան 2 անգամ:

«Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով՝ առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորություն կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու»,- հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:

Տեխզննման կտրոնի որոշման քարտը ներառում է անհրաժեշտ ինֆորմացիան մեքենայի, տեխնիկական զննության, ինչպես նաև կրկնակի տեխնիկական զննության անցնելու վայրի, օրվա, ժամի, տեխնիկապես սարքին ճանաչվելու կամ հայտնաբերված թերությունների վերաբերյալ։ Այս գերատեսչությունը վստահ է, որ այս տեղեկությունները բավարար են տեխնիկական զննություն անցնելու կամ չանցնելու վերաբերյալ վերահսկողություն իրականացնելու համար։

Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում նախագծում փոփոխություններ չեն կատարվել:

 

  • Կիսվել: