հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մենք պահանջում ենք 7-րդ դասարանի պատմության դասագրքի խոտանումը. ակցիա ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց

Մենք պահանջում ենք 7-րդ դասարանի պատմության դասագրքի խոտանումը. ակցիա ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց

«Խոտանել խեղաթյուրված դասագիրքը» շարժման նախաձեռնող մարմինը   «Պահպան՛իր անցյալդ՝ պաշտպանի՛ր ապագադ» նշանաբանով ակցիա է իրականացնում ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց՝ պահանջելով խոտանել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքն ու ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։

Մենք պահանջում ենք 7-րդ դասարանի պատմության դասագրքի խոտանումը, նաեւ մնացած դասագրքերի խոտանումը, որոնցով այսօր կրթում են մեր երեխաներին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Հայոց պատմություն» առարկայի դասագիրքը խոտանելու պահանջ հետապնդող նախաձեռնող խմբի անդամ, Հայաստանի ժողովրդական շարժման համակարգող Վազգեն Պետրոսյանը:

«Երեխաներին ոչ սովորեցնում են տրամաբանել, ոչ էլ տալիս են հայեցի դաստիարակություն: Տպավորություն է, որ այս ամենն արվում է նրա համար, որ դաստիարակվի մի սերունդ, որը պետք է ծառայի ստրուկի պես թուրքին:

 

Դրա համար մենք պահանջում էինք նախարարի հրաժարականը: Նկատի ունենալով, որ վարչապետը բրիտանական Telegraph ալիքին հրապարակավ ասել էր, որ ցանկություն ունի ԵՄ մտնել, խոսում էր ժողովրդավարության արժեքներից, ուստի ուզում ենք հիշեցնել, որ ժողովրդավարության արժեքներով օժտված որեւէ անձ, եթե պահանջում են իր հրաժարականը, վերեւից կիջներ ներքեւ, կհարցներ, թե ինչու են պահանջում իր հրաժարականը:

Բայց քանի որ մենք ապրում ենք տոտալ բռնապետական իշխանության ներքո, նախարարը վերեւից չի իջնում: Բոլորի ներկայությամբ հրավիրում ենք՝ իջնի ներքև, բացատրենք, որ ինչ անում է գիտության, կրթության, մշակույթի բնագավառում, դրանով ինքը տանում է  երկիրը դեպի կործանում։ Կործանում են հայ ժողովրդի տունը, հայրենիքն այնպես, ինչպես կործանեցին Արցախը։ Դրա համար մենք պահանջում ենք իր հրաժարականը»,-ասաց նա:

Պետրոսյանը նկատեց, որ նախարարը հեշտ հրաժարական չի տալու, քանի որ իր հրաժարականը  դոմինոյի էֆեկտով բերելու է ամբողջ կառավարության հրաժարականին:

«Եթե նախարարն ունենար մի քիչ ինքնասիրություն, երբ վարչապետը ձեռքը տալիս էր ցնցուղը ու ասում էր՝ տես, ինչ գին ունի, պետք է հրաժարական տար»,- ասաց նա:

Վազգեն Պետրոսյանը նշեց, որ ապահով, անձեռնմխելի լինելու համար անհրաժեշտ է ունենալ հայրենասեր, հզոր սերունդ. «Մենք պետք է այդպիսի սերունդ դաստիարակենք։ Թշնամին,  աշխարհը հզորների հետ է հաշվի նստում, թույլին շան տեղ էլ չեն դնում, թույլին՝ ֆուտբոլի  գդակի պես տշում են։ Մենք չենք ուզում տշվել։

Եթե մարդ կա, որ ուզում է տշվի, այսօրվա իշխանությունն է, որը կատարում է  ցռան Վերգոյի դերակատարումը մեր պատմության մեջ»։

Նա ասաց, որ իրեն քայլերը շատ կոնկրետ են, շարունակելու են իրենց իրազեկման ակցիաները, բանակցությունները տարբեր միավորումների հետ, հասնելու են նրան, որ դպրոցները, ուսուցիչները, տնօրենները միանան իրենց շարժմանը։

  • Կիսվել: