ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Մենք միայն արտադրողն ենք, տեղափոխման պատասխանատուն գնորդն է». Արմեն Ունանյանը՝ 40 տոննա մաքսաննգ ծխախոտի արտահանման մասին

«Մենք միայն արտադրողն ենք, տեղափոխման պատասխանատուն գնորդն է». Արմեն Ունանյանը՝ 40 տոննա մաքսաննգ ծխախոտի արտահանման մասին

Ապրիլի 29-ին տեղեկություն տարածվեց, որ Ռուսաստանում կալանավորվել է Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ծխախոտի մեծ խմբաքանակ տեղափոխող օդանավ: Նույն օրը լուր ստացվեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին` ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր Հրաչյան Հակոբյանն է կանգնած շուրջ 40 տոննա մաքսաննգ ծխախոտի արտահանման հետևում:

Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է «Արմենիան տոբակո քոմփանի» ընկերության տնօրեն Արմեն Ունանյանի հետ:

 

-Ըստ հրապարակումների՝ ՌԴ-ում կալանավորվել է հայկական արտադրության ապօրինի կերպով մաքսազերծված ծխախոտի խոշոր խմբաքանակ, և տեղեկություններ կան, որ այդ ծխախոտն արտադրել է Ձեր ղեկավարած կազմակերպությունը: Խնդրում ենք պարզաբանել` դուք միայն ծխախոտ արտադրո՞ղն եք, թե՞ նաև արտահանման հետ առնչություն ունեք:

-Նախ, մեր արտադրանքը ապօրինի կերպով չի մաքսազերծվել, սխալ են տարածված այդ լուրերը: Երկրորդ, մենք միայն արտադրողն ենք, գնորդն ինքն է հանդես գալիս որպես տեղափոխման պատասխանատու: Օդանավակայանում մեր ռիսկերն ամբողջովին անցնում են գնորդին սահմանը հատելուց հետո: Այսպիսի մի տերմին կա` FCA «Զվարթնոց», որը նշանակում է` «Մինչև բեռնափոխադրողի մոտ»: Այս տերմինը նշանակում է, որ վաճառողը մաքսազերծած ապրանքը հասցնում է մինչև գնորդի նշած վայրը՝ նրա բեռնափոխադրողին: Եթե ապրանքը տրամադրվում է վաճառողի տարածքում, ապա վաճառողը պատասխանատու է ապրանքի բարձման համար: Եթե ապրանքը տրամադրվում է մեկ այլ վայրում, ապա վաճառողը պատասխանատու չէ ապրանքի բարձման համար: Նշված տերմինը կիրառվում է տրանսպորտային տարբեր միջոցներով բեռնափոխադրումների ժամանակ, ներառյալ` խառը բեռնափոխադրումները:

Բերնափոխադրող կարող է հանդիսանալ յուրաքանչյուր անձ, ով համաձայն պայմանագրի` պարտավոր է ապահովել ապրանքի բեռնափոխադրումը երկաթուղով, ավտոմեքենայով, օդային, ծովային տրասպորտներով կամ էլ խառը փոխադրումով: Եթե գնորդը վստահում է ապրանքի հանձնումը մեկ այլ անձի, որը չի հանդիսանում բեռնափոխադրող, ապա վաճառողի պարտականություններն ավարտվում են ապրանքը տվյալ անձին հանձնելու պահից:

Պարզ ասած`մեր պարտավորությունը ապրանքը մինչև «Զվարթնոց» օդանավակայան հասցնելն է, իսկ թե դրանից հետո ապրանքի հետ ի՞նչ կլինի, կկանգնեցնեն, կվառվի, ինքնաթիռ կպայթի, դա արդեն իր խնդիրն է: Մեզ հետ դա արդեն որևէ կապ չունի:

-Այսինքն` արտահանման հետ Դուք որևէ առնչություն չունեք:

-Արտահանման հետ մենք առնչություն ունենք այնքանով, որքանով որ մաքսային օրենսդրությամբ` որպես արտահանող` պետք է հանդես գա տվյալ երկրի ռեզիդենտը: Մենք հանդես ենք գալիս որպես արտահանող, սակայն դեկլարացիայի մեջ որպես գնորդ ու Աֆղանստան ներմուծող, նշված է այլ կազմակերպություն: Մեր բեռը միանշանակ նախատեսված է այդ կազմակերպության համար: Վերջինս կանխավճարով վճարել է խմբաքանակի համար, և մենք որևէ խնդիր չունենք`կապված այդ բեռի հետ: Նույնիսկ եթե այն կալանավորված է, մենք որևէ կերպ չենք տուժում:

Իրավական որևէ խնդիր նույնպես չունենք, քանի որ խմբաքանակն արտահանել ենք մեր և ԵՏՄ օրենսդրության համապատասխան, էլեկտրոնային հայտարարագիրն էլ լրացրել եմ:

-Որքա՞ն կանխավաճար եք ստացել ծխախոտի այդ խմբաքանակի համար:

-Մենք ապրանքը բաց ենք թողնում կանխավճար ստանալուց հետո: Մեր վերջին արտահանումը կազմել է 386 200 ԱՄՆ դոլար:

-Իսկ կարո՞ղ եք նշել այն կազմակերպության կամ անձանց անունները, ովքեր հանդես են եկել որպես գնորդ, ներմուծող:

-Պայմանագրով դա կոմերցիոն գաղտնիք է: Ես իրավունք չունեմ դա հրապարակել, քանի դեռ չունեմ այդ կազմակերպության համաձայնությունը, իսկ այդ համաձայնությունը ես չունեմ:

-Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք այն տեղեկություններին, որ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) ձեր արտադրանքը ներկայացվել է որպես կենցաղային տեխնիկա և այլ անվան տակ ուղարկվել Ռուսաստան:

-Նման բան չի կարող լինել, որովհետև մեր միջնորդը լրացրել է էլեկտրոնային հայտարարագիրը, իսկ դա ԵՏՄ միասնական տարածքի համակարգի մեջ միանգամից օնլայն ռեժիմով երևում է: Այսինքն` չէր կարող ՊԵԿ-ը ձևակերպեր այդ ապրանքը որպես կենցաղային տեխնիկա, քանի որ մեր վարձած բրոքերն է հայտարարագիրը լրացրել: Բացի դրանից, իմ ձեռքի տակ կա հայտարարագիրը, որտեղ գրված է` ծխախոտ:

Ընթերցողին նաև հիշեցնենք, որ ավելի ուշ Fip.am կայքը գրեց, որ Ռուսաստանում առգրավված ծխախոտի արտադրող և արտահանող ընկերությունը «Արմենիան տոբակո քոմփանի» ՍՊԸ-ն է։ Ընկերության ներկայացուցիչը, ըստ կայքի, Newarmenia.am-ի հետ զրույցում հաստատել է, որ խմբաքանակն իրենք են ուղարկել Աֆղանստան՝ կասկած հայտնելով, որ իրենց մրցակից կազմակերպություններն են փորձում խոչընդոտ ստեղծել իրենց համար։ Ընկերության տնօրեն Արմեն Ունանյանը բացառել է, որ կարող է խմբաքանակի մեջ հայկական դրոշմանիշով ծխախոտ լինել։

«Փաստացի, «Արմենիան տոբակո քոմփանին» ընդունում է, որ Ռուսաստանում առգրավված ծխախոտը պատկանում է իրեն, թեև հերքում է, որ այն մաքսանենգ ճանապարհով է այնտեղ հասել։ Ինչ վերաբերում է Հրաչյա Հակոբյանի հետ կապին, ապա «Արմենիան տոբակո քոմփանիում» չկան այնպիսի անձինք, որոնք փոխկապակցված են պատգամավորի հետ, իսկ նա, իր հերթին, առնչություն չունի ծխախոտի փոխադրումների հետ»,-գրել է փաստերի ստուգման հարթակը:

  • Կիսվել: