երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը

Հանրապետությունում հունվարի 20-ին մեկնարկում է բուհերի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլը։ Քննությունների մեկնարկը տրվում է «Հայոց լեզու և գրականություն» առարկայով։ Առաջին փուլի ավարտը նախատեսված է փետրվարի 4-ին։

Հրավիրված ասուլիսում Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի տեղակալ Կարո Նասիբյանը տեղեկացրեց, որ ուսումնական պրոցեսը չխաթարելու համար քննություններն անցկացվելուն են շաբաթ և կիրակի օրերին։ Գործելու է 43 միասնական քննական կենտրոն, ներգրավված է լինելու մինչև 400 աշխատակից։

«Դիմորդները տարվա ընթացքում նույն առարկայից կարող են հանձնել երկու քննություն։ Մեկ քննությունը կազմակերպվում է հունվարին, ինչը հիմա անում ենք, երկրորդը՝ հունիս, հուլիս ամիսներին։ Այս նոր մոտեցումը դիմորդի համար շատ լավ պայման է, նա կարող է մասնակցել քննություններին, զգա մթնոլորտը, տեսնի իր թերությունները, բացթողումները, եթե կարիք կա՝ նորից պարապի, անդրադառնա թեմաներին։ Եթե հունվարին գրանցված արդյունքները ձեռնտու չլինեն, ապա հնարավորություն կա մասնակցել նաև ամռանը սպասվող քննություններին»,-ասաց  Կարո Նասիբյանը։

Այս մոտեցումը նախորդ տարի կիրառվեց առաջին անգամ։ Նախորդ տարի դիմորդների թիվը 6 հազար 856 էր, ինչը մեծ ակտիվություն էր համարվում։ Այս տարի էլ ավելի շատ են դիմորդները՝ 9672։ Կարո Նասիբյանը նշեց, որ սովորաբար քննություն հանձնող շրջանավարտների թիվը 11-12 հազար է, նրանցից 9 հազար 672-ը ցանկություն է հայտնել մասնակցել առաջին փուլին։ Կարո Նասիբյանի խոսքով՝ սա խոսում է այն մասին, որ այս համակարգն արդարացված է ու դիմորդների համար շահեկան։

Առաջին փուլին մասնակցողները՝ հունվար ամսին քննություն տվողներն ընտրում են միայն քննական առարկները։ Մասնագիտություններն ընտրում են հունիսին։ Առաջին փուլում ամենաշատ դիմորդները «Անգլերեն» առարկայից են՝ 5045, «Մաթեմատիկա»-ից՝ 4198, «Հայոց լեզու և գրականություն»՝ 3242։ Ամենից քիչ դիմորդներն «Աշխարհագրություն»-ից են՝ 56, «Ֆրանսերեն»-ից՝ 32, «Գերմաներեն»-ից՝ 30, «Իսպաներեն»-ից՝ 1։

  • Կիսվել: