երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ինչպիսի՞ն են Արցախում միասնական քննությունների նախնական արդյունքները նախորդ տարվա համեմատ. ԳԹԿ տնօրենը որոշ մանրամասներ է ներկայացրել

Ինչպիսի՞ն են Արցախում միասնական քննությունների նախնական արդյունքները նախորդ տարվա համեմատ. ԳԹԿ տնօրենը որոշ մանրամասներ է ներկայացրել

Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության Գնահատման և թեստավորման կենտրոնում ընդհանրացրել են մինչ այժմ անցկացված միասնական քննությունների նախնական արդյունքները:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԳԹԿ տնօրեն Յուրի Քարամյանն անդրադառնալով «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարկաներից անցկացված քննությունների նախնական արդյունքներին, նախ նշել է, որ ընդհանուր առմամբ միասնական քննություններից բացակայել է ընդամենը 3 դիմորդ:

«Մենք ճշտելու ենք պատճառները: Եթե համապատասխան տեղեկանք լինի, ապա բացակաները կմասնակցեն քննությունների լրացուցիչ փուլին, որը տեղի կունենա հուլիսի 2-ից մինչև հուլիսի 8-ը ընկած ժամանակահատվածում»,- հավելել է Յու. Քարամյանը:

Ըստ առարկաների, դիմորդների թվի ու արձանագրված միավորների տոկոսային հարաբերության՝ ներկայացնելով քննությունների արդյունքները, ԳԹԿ տնօրենը մանրամասնել է, որ նախորդ տարվա համեմատ մասնավորապես «Քիմիա» առարկայից այն գրեթե նույնն է մնացել:

«Ավելացել է միայն 0-ից մինչև 7,25 միավոր ստացած դիմորդների թիվը՝ 4-5 տոկոսով, իսկ 14-ից մինչև 20 միավոր հավաքած մասնակիցների դեպքում տոկոսային հարաբերությունը պահպանվել է»,- նշում է Յ․ Քարամյանը:

Ըստ մեր զրուցակցի՝ համեմատաբար նույնն է մնացել նաև «Ռուսաց լեզու» առարկայից միասնական քննությանն արձանագրված ցուցանիշների տոկոսային հարաբերակցությունը՝ գերակշռում են 7,5 մինչև 13,75 միավոր հավաքած դիմորդների թվերը, իսկ առավելագույն գրանցված միավորը 18-ն է, որը մեկ մասնակից է միայն վաստակել։ Նախորդ տարվա համեմատ այս տարի բարձր են «Օտար լեզու» առարկայի միասնական քննության արդյունքները՝ գերակշռում են 14 մինչև 17,75 և 18-20 միավորները: Բողոքարկումներ են եղել «Քիմիա», «Ռուսաց լեզու», «Օտար լեզու» առարականերից։

«Դրանցից 2-ն արդյունքների վերաբերյալ է՝ «Օտար լեզու» և «Ռուսաց լեզու» առարկաներից, իսկ 1-ը բովանդակության՝ «Քիմիա» առարկայից։ Մենք տվյալներն ուղարկել ենք արդեն ՀՀ ԳԹԿ, կատարել են վերահաշվարկ, բողոքարկման արդյունքները մեզ ներկայացնելու են հունիսի 30-ին»,-հայտնել է ԳԹԿ տնօրենը։ Ինչ վերաբերում է «Մաթեմատիկա» և «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկաների արդյունքներին, ապա դրանք հայտնի կլինեն համապատասխանաբար՝ հունիսի 21-ին ու 25-ին:

  • Կիսվել: