ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Մեկնարկել է «Մոլդովայի և ՀՀ-ի բուհերի հետազոտության կառավարման և բաց գիտության կարողությունների զարգացում» նախագծի շրջանակում իրականացվող աշխատաժողովը

Մեկնարկել է «Մոլդովայի և ՀՀ-ի բուհերի հետազոտության կառավարման և բաց գիտության կարողությունների զարգացում» նախագծի շրջանակում իրականացվող աշխատաժողովը

Երևանի պետական համալսարանի գիտխորհրդի նիստերի դահլիճում հոկտեմբերի 7-ին մեկնարկել է «Մոլդովայի և Հայաստանի բուհերի հետազոտության կառավարման և բաց գիտության կարողությունների զարգացում (MINERVA)» նախագծի շրջանակում իրականացվող միջազգային երկօրյա աշխատաժողովը:

Ինչպես տեղեկացրին ԵՊՀ-ից, բուհի միջազգային համագործակցության վարչության նախաձեռնությամբ կազմակերպված աշխատաժողովին մասնակցում են Մոլդովայի միջազգային հարաբերությունների և եվրոպական նախագծերի տնտեսական հետազոտությունների ակադեմիայի պրոռեկտոր Օլեսյա Սիրբուն, Վալենսիայի համալսարանի ճարտարագիտության դպրոցի պրոֆեսոր Ալֆրեդո Ռոսադոն, Հայաստանի, ինչպես նաև ԵՄ մի շարք այլ երկրների կրթական ոլորտի ներկայացուցիչներ, ԵՊՀ բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր Ռաֆայել Բարխուդարյանը:

Ըստ աղբյուրի՝ հյուրերին ողջունել է Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովը, որը հակիրճ ներկայացրեց «ERASMUS+»-ի շրջանակում իրականացվող կրթական նախագծերի կարևորությունն ու հիմնական նպատակները:

«Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Մայր բուհում, որը տարածաշրջանի լավագույն բուհերից և գիտական կենտրոններից մեկն է: Այսօրվա հանդիպման թեման որակյալ կրթության մատուցման ծառայությունների բարելավումն է: ԵՊՀ-ի առաջնահերթություններից են որակյալ կրթությունը, դասավանդումն ու կրթական միջավայրը, ինչպես նաև բուհի գիտահետազոտական ոլորտն ու միջազգայնացման գործընթացները: Մենք ընդգծված քաղաքականություն ենք վարում միջազգային կրթական ու գիտահետազոտական կառույցների հետ»,- ասել է Ալեքսանդր Մարգարովը և ավելացրել, որ «MINERVA» նախագծի արդյունքների հիման վրա նախատեսվում է մշակել կամ վերամշակել հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարությունը, ինչը թույլ կտա պատրաստել գիտնականներ աշխատաշուկայի և հասարակության համար՝ պայմաններ ստեղծելով նրանց կարիերայի առաջխաղացման, հետագայում էլ գործնական դասընթացների միջոցով կարողությունների մակարդակի բարձրացման համար:

Բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում «ERASMUS+» ծրագրերի համակարգող Լանա Կարլովան. «Շատ հաճելի է, որ համաճարակային այս մթնոլորտում, այնուամենայնիվ, «MINERVA» նախագիծը համախմբեց մեզ Երևանում, մասնավորապես ԵՊՀ-ում: Հարկ է նշել, որ այս ծրագիրն ամենաարդյունավետ և օգտակար նախագծերից մեկն է, որը բուհերի և գիտական կենտրոնների միջև խթանում է գիտահետազոտական ներուժի զարգացումը: Ծրագիրն ունի երկու հիմնական բաղադրիչ՝ հետազոտողների համար մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության մշակում և բաց աղբյուրների հետ տարվող աշխատանք: Գիտության հասանելիությունը, անկասկած, նպաստում է բուհի միջազգայնացմանը, ինչպես նաև հետազոտողների հեղինակության բարձրացմանը և ստացված գիտական արդյունքների տարածմանը»:

ԵՊՀ-ից հայտնում են, որ «MINERVA» նախագծի առաջնահերթությունները, ինչպես նաև ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումներն ու արդեն իսկ գրանցված արդյունքները ներկայացրել է Մոլդովայի միջազգային հարաբերությունների և եվրոպական նախագծերի տնտեսական հետազոտությունների ակադեմիայի պրոռեկտոր Օլեսյա Սիրբուն:

«Մեզ համար շատ կարևոր է հայկական փորձի ուսումնասիրությունը, ինչպես նաև տարբեր ժամանակաշրջաններում իրականացված միջոցառումների արդյունքների համեմատությունը: Սա ռազմավարական ու կառուցողական նախագիծ է կրթական ոլորտի համար, ուստի մենք աշխատանքներում ներգրավում ենք նաև պետական կառույցների ներկայացուցիչներին՝ չբավարարվելով միայն մոնիտորինգի արդյունքներն ու խորհուրդները ներկայացնելով»,- նշել է Մոլդովայի ներկայացուցիչը և հավելել, որ ծրագրի հիմնական նպատակն է Հայաստանի ու Մոլդովայի բուհերում զարգացնել բաց գիտության (open science) իրականացման համար անհրաժեշտ պայմանները և հիմնական սկզբունքները:

ԵՊՀ-ի տեղեկացմամբ՝ Վալենսիայի համալսարանի ճարտարագիտության դպրոցի պրոֆեսոր Ալֆրեդո Ռոսադոյի զեկուցումը վերաբերել է ազգային և բուհերի բաց գիտության քաղաքականությունների համատեղ մշակմանն ու իրականացմանը:

Նշվում է, որ երկօրյա աշխատաժողովին առցանց մասնակցելու են նաև Միլանի, Մոնպելիեի, ինչպես նաև Մոլդովայի կրթական տարբեր հաստատությունների մասնագետներ: Թեմատիկ զեկուցումներով հանդես են գալու Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական և Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանների, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի ներկայացուցիչները:

  • Կիսվել: