շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մեկնարկել է Գորիսի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում ենթածրագիրը

Մեկնարկել է Գորիսի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում ենթածրագիրը

Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից:

Նշվում է, որ 2019 թվականին բարեկարգվել են Գյումրի քաղաքի «Կումայրի պատմական թաղամասի» 6 փողոցները, Գառնի համայնքի` դեպի «Քարերի սիմֆոնիա» բնական հուշարձան տանող 2147 մետր երկարությամբ ճանապարհը և հարակից զբոսաշրջային ենթակառուցվածքները, Տաթև համայնքի՝ դեպի Տաթև վանական համալիր տանող 6000 մետր երկարությամբ ճանապարհը և Գյուլագարակ համայնքի՝ դեպի Դենդրոպարկ տանող 2800 մետր երկարությամբ ճանապարհը:

Արդեն մեկնարկել է Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմաճարտարապետական միջավայրի վերականգնում, Վարարակն գետի հատվածի մաքրում ենթածրագիրը։

Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հետևյալ աշխատանքները՝

Գորիս քաղաքի կենտրոնական մասի պատմամշակութային միջավայրի վերականգնում Գուսան Աշոտ, Կոմիտաս, Մակիչի, Օրբելյանների Մաշտոցի, Անկախության, Տաթևացու փողոցներում` ներառելով մայթերի և երթևեկելի հատվածների բարեկարգման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի բարելավման աշխատանքներ:

Նշված փողոցներում արտաքին լուսավորության համակարգերի բարելավում, Գորիսի քաղաքի հին և նոր հատվածների միջև հետիոտնային և հեծանվային երթուղու ձևավորում։

Գորիս քաղաքի կենտրոնական մասի 1918-1920թթ. կառուցված թվով 38 պատմական շենքերի և բնակելի տների տանիքների, պատշգամբների և ճակատների վերականգնում և վերանորոգում:
Գորիս քաղաքի միջով հոսող Վարարակն գետի աջափնյա և ձախափնյա հատվածների մաքրում, գետի հենապատերի ամրակայում, բարեկարգված հատվածներում ճեմուղու կառուցում։

Ընթացիկ ուսումնասիրության փուլում են Հին Գորիս քարանձավային քաղաքի զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման և արդիականացման աշխատանքները:

  • Կիսվել: