չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Մեկ ամսվա ընթացքում Կենդանաբանական այգու աշխատակիցների 20-25%-ը հեռացվել է․ ակցիայի մասնակից

Մեկ ամսվա ընթացքում Կենդանաբանական այգու աշխատակիցների 20-25%-ը հեռացվել է․ ակցիայի մասնակից

Այսօր կենդանաբանական այգու դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում այգու տարբեր տարիների աշխատակիցները։ Ակցիային մասնակցում էին նաև այժմ այգում աշխատողներ։

Ակցիայի կազմակերպիչները նախապես հայտարարել էին, որ բողոքի ակցիան իրականացվում է ընդդեմ կենդանիների սպանդի և այգու այժմ ընթացող կառավարման։

Ակցիայի մասնակից Անուշ Ռաֆայելյանը, որը նախկինում եղել է անասնաբույժ, ասաց որ Կենդանաբանական այգում կրկնվում են կենդանիների զանգվածային անկումները և մասնագետների  հեռացումները․ «Մեկ ամսվա ընթացքում աշխատակիցների 20-25%-ը հեռացվել է»։

Շահագործման բաժնի աշխատակից Սարգիս Շագրամանյանն էլ   լրագրողների հետ զրույցում ասաց, որ այգում իր նկատմամբ հոգեբանական ճնշումներ են գործադրվում. «Դա արվում է այն բանի համար, որ ես զզվեմ, դուրս գամ, արհամարհում են ինձ, ինձ հետ չեն համագործակցում։ Երկու ամիս է՝ շահագործման բաժինը պարապուրդի է ենթարկված։ Այս պահին այգում լիքը խնդիրներ կան։ Իրար կողքով անցնում ենք, տնօրենը չի բարեւում»։

Խոսելով այգում առկա խնդիրների մասին Սարգիս Շագրամանյանն ընդգծեց․ «Երկու ամիս է՝ շահագործման բաժնի տղաները ներկում են գրասենյակի պատերը։ Լիքը պրոբլեմներ կան այգում, առյուծանոցի մոտ ջրագիծ ունենք՝ տրաքած է, ջուրը հոսում է, կողքը ջրահեռացման համակարգն է, որը վթարված է»։

Շագրամանյանը հավաստիացրեց, որ շատ մարդիկ են դժգոհում բայց վախենում են միանալ․ «Մեկը մյուսից վախենում է, մեկը սրա մարդն է, մեկը նրա մարդն է»։ 

Անուշ Ռաֆայելյանի խոսքով՝ այսօր Կենդանաբանական այգում ոչ կոմպետենտ մարդկանց են ընդունում աշխատանքի, փողոցից պատահական մարդկանց են բերում:Նրա խոսքով՝ այգում էկոլոգ են ընդունել, որը զբաղվում է ռացիոններով ու կերերով, բայց չունի մասնագիտացում: Ռաֆայելյանը տեղեկացրեց նաև, որ անկել է  6 անգղ, իսկ նախկինում եղել են նաև սիբիրյան լուսանի, կուլանի անկումներ:

Նրա հավաստիացմամբ,որոշ տեղեկություններով անկել է նաև մորուքավոր անգղ, որի շուկայական գինը 60 հազար դոլար է, իսկ ներկայիս անկած 6 անգղից յուրաքանչյուրի գինը 10 հազար դրամ է:

  • Կիսվել: