երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մասնավոր տարածքում ծառահատումները արգելելու իրավասություն Երևանի քաղաքապետարանը չունի

Մասնավոր տարածքում ծառահատումները արգելելու իրավասություն Երևանի քաղաքապետարանը չունի

Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Կարապետյանը նշել է, որ պարզաբանում է ներկայացնում՝  հաշվի առնելով լրատվամիջոցների հետաքրքրությունը Արաբկիրում՝ Բաղրամյան 79 հասցեում նախօրեին տեղի ունեցած ծառահատումների թեմայի վերաբերյալ:

Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Խնդրո առարկա տարածքը մասնավորեցվել է տարիներ առաջ:

Դեռ 2008 թվականին տարածքի սեփականատերը Երեւանի քաղաքապետարանի հետ կառուցապատման նախագիծ է համաձայնեցրել, որի հիման վրա, սակայն, երբեւէ շինթույլտվություն չի տրվել:

Մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում առկա ծառահատումները արգելելու կամ թույլատրելու իրավասություն Երեւանի քաղաքապետարանը, ցավոք սրտի, չունի:

Սույնի վերաբերյալ, ի դեպ, տարակուսանք է հարուցում ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցչի՝ մամուլին տված մեկնաբանությունը, որը թյուրընկալման տեղիք կարող է տալ:

Տեսչական մարմնի ավագ տեսուչ Արսեն Խաչատրյանը, ըստ «168 ժամ» պարբերականի հրապարակման, մասնավորապես ասում է, որ [ծառահատումների հետ կապված] «խնդիրը հիմնականում Բնապահպանության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի փոխգործակցության բացակայության հետևանքն է։ Երևանի քաղաքապետարանը տալիս է շինթույլտվություն, որտեղ կան կենսունակ ծառեր, որի վերաբերյալ բնապահպանության և ընդերքի տեսչությունը տեղեկացված չի լինում»։

Կրկնում ենք՝ Երեւանի քաղաքապետարանը նշված տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է շատ տարիներ առաջ (լրագրող գործընկերները կարող են Կադաստրի պետական կոմիտեից պարզել տվյալ տարածքի օտարման հանգամանքները»:

  • Կիսվել: