երկուշաբթի, հունիս 8
8 / 6 / 2026
Մարտունիում բախվել են «Tata» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ

Մարտունիում բախվել են «Tata» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 38-ամյա Դերենիկ Հ․-ի վարած «Tata» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, 78-ամյա Աշոտիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գարիկ Մ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով  «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Գրիշա Գաբրիելյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գառնիկ Արշակյանը և Արթուր Խաչատրյանը։

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգիս Մարգարյանի, վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։

  • Կիսվել: