ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մարտունի համայնքի Երանոս գյուղում սողանքի հետեւանքով վթարային են դարձել 9 բնակարան

Մարտունի համայնքի Երանոս գյուղում սողանքի հետեւանքով վթարային են դարձել 9 բնակարան

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղում տարիներ շարունակ սողանքի հետեւանքով փլուզման վտանգի տակ են գտնվում 9 առանձնատուն։ Ինչպես տեղեկացրել է Երանոս գյուղի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, սողանքային երեւույթները Երանոսի հարավարեւմտյան եզրին, սարափեշին, նկատվել են շուրջ քսան տարի առաջ, որոնք աստիճանաբար ընդլայնել են իրենց աշխարհագրությունը՝ լրջորեն վնասելով իրենց ազդեցության տակ գտնվող բնակարանները։

«Բոլոր ինը բնակարաններում առկա են ճաքեր՝ մինչեւ 10-15 սանտիմետր անցքով, սողանքային գոտին շարունակում է ակտիվ մնալ։ Տարբեր տարիներին Երանոսի համայնքապետարանի կողմից ահազանգ հնչել է, սակայն, բացի համապատասխան գերատեսչությունների կողմից կատարված ուսումնասիրությունները, համապատասխան քայլեր չեն ձեռնարկվել, հավանաբար, միջոցների անբավարարության պատճառով։ Այն բանից հետո, երբ համայնքների խոշորացման արդյունքում Երանոս գյուղն ընդգրկվեց Մարտունի համայնքի կազմում, խնդիրն արդեն Մարտունու համայնքապետարանի կողմից է բարձրացվել՝ ներկայացվելով համապատասխան գերատեսչություններ։ Ակնկալվում է սողանքային երեւույթների վերացում, եւ վնասված բնակարանների վերանորոգում, իսկ անհնարինության դեպքում` նոր բնակելի տների կառուցում»,-ներկայացրել է Սաշա Բավեյանը։

  • Կիսվել: