չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Մանվել Գրիգորյանի վիճակը վատ է, ստանում է քնաբերներ, իսկ առողջապահության նախարարությունը անգործություն է դրսևորում․ Փաստաբանը՝ նոր դատական հայցի մասին

Մանվել Գրիգորյանի վիճակը վատ է, ստանում է քնաբերներ, իսկ առողջապահության նախարարությունը անգործություն է դրսևորում․ Փաստաբանը՝ նոր դատական հայցի մասին

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը, որի վերաբերյալ գործով դատավարությունն ընթացքի մեջ է, տանն է, առողջական վիճակը ծանր է, InfoPort.am-ին տեղեկացրեց նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանը։

Փաստաբանի փոխանցմամբ, Գրիգորյանը ստանում է քնաբերներ, ցավազրկողներ շաքարային դիաբետի դեմ ինսուլինային դեղամիջոցը և անընդհատ պառկած վիճակում է։

«Մանվել Գրիգորյանը այստեղ մասնագիտական բուժում չի ստանում, ընդամենը բուժում են՝ կոնսերվացնելով նրա՝ 40-ի հասնող հիվադությունները։ Ունի լուրջ խնդիրներ շնչառության հետ կապված», -ընդգծեց փաստաբանը։

Բաղդասարյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսային համավարակի տարածմամբ պայմանավորված, Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վերաբերյալ փաստաթղթերը վերջերս ուղարկվել են արտերկիր, որտեղ բուժում է ստացել Գրիգորյանը։ Այնտեղից մասնագետները Գրիգորյանի տեղափոխումը և բուժման կազմակերպումը հրատապ խնդիր են համարել։

«Մասնագետները հորդորել են Մանվել Գրիգորյանի հետագա բուժումը կզմակերպել արտերկրում, այն հիվանդանոցում, որտեղ վերջինը երկար տարիներ բուժում է ստացել։ Դա եղավ պատճառը, որ պաշտպանական կողմը դիմի առողջապահության նախարարին՝ խնդրելով տալ մասնագիտական կարծիք արտերկրում Գրիգորյանի բուժումը կազմակերպելու վերաբերյալ։ Նաև դիմումում նշել էինք, որ եթե կարծում են, որ անհրաժեշտ է նոր կոնսիլիում, դեմ չենք հրավիրենք մասնագիտական նոր կոնսիլիում։ Սակայն առողջապահության նախարարությունը մեզ պատասխանեց, որ քանի որ գործը դատարանում է, ապա չեն կարող որևէ պատասխան ներկայացնել։ Այսինքն՝ ոչ մերժում է, ոչ բավարարում մեր դիմումը՝ իրեն մատնելով անգործության», -ներկայացրեց փաստաբանը։

Գրիգորյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչը կարծում է, որ առողջապահության նախարարությունը անգործություն է դրսևորել և այդ պատճառով դիմել են Վարչական դատարան՝ վիճարկելով գերատեսչության անգործությունը։ Սակայն փաստաբանը գիտակցում է, որ այս հայցի քննությունը դատարանում կարող է երկար տևել, քանի որ այս դատարանը ծանրաբեռնված է, այդուհանդերձ, Բաղդասարյանի խոսքով, իրենք փորձել են այդպիսով հակընդդեմ քայլ անել անօրինականությանը։

«Այս անօրինականությունները ևս ուղարկեցինք Մարդու իրավունքների եվրոպական դատարան և բացի այդ, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին ենք դիմում ներկայացրել՝ տեղեկացնելով, որ տեղի է ունենում ընտրովի առողջապահական գործառույթ», -նշեց փաստաբանը։

Նրա խոսքով, իրենք լավ են հասկանում, թե ինչու Առողջապահության նախարարությունը չի մերժում իրենց․

«Նախարարությունում լավ են հասկանում, որ պարոն Գրիգորյանի հիվանդություններն այնպիսին են, որ եթե նախարարությունը պատասխանի, որ բավարար են պայմանները բուժում ստանալու համար, ապա կհակասի էպիկրիզների ու մասնագետների կարծիքներին։ Դրա համար իր վրա պատասխանատվություն չի վերցնում՝ խոչընդոտելով, որ մեր պաշտպանյալը ստանա բուժում դրսում»։

  • Կիսվել: