երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Մանկական մահացության դեպքերի նվազում դեռ չկա. ՀՀ ԱՆ–ն ուսումնասիրում է պատճառները

Մանկական մահացության դեպքերի նվազում դեռ չկա. ՀՀ ԱՆ–ն ուսումնասիրում է պատճառները

ՀՀ առողջապահության նախարարությունը շարունակելու է բարձրացնել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման հասանելիությունը։ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հավաստիացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` ներկայացնելով կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թ.–ի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը։
 
«Հասանելիությունը պետք է մեծացնենք ոչ միայն ֆիզիկական, այլև ֆինանսական առումով, և այդ բուժսպասարկումը նաև որակյալ ու ներկայիս արդիական չափորոշիչներին, պահանջներին համապատասխան պետք է լինի»,– ընդգծեց նախարարը։
 
Այս առումով նախարարությունը 2023 թ.–ին 46 միջոցառում է իրականացրել։
Ավանեսյանը տեղեկացրեց, որ պետպատվերի շրջանակում հիվանդանոցային դժվարամատչելի բուժօգնության և սպասարկման ծավալները մեծացել են. մատուցած ծառայությունների թիվը կազմել է 861 845, ինչը 74 981–ով ավելի է եղել 2022 թ.–ի համեմատ։
 
Ըստ նրա` ծանր հիվանդությունների եռյակը 2023 թ. նույնն է եղել` սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ, չարորակ նորագոյացություններ։ Ի դեպ, նախարարը նշեց, որ չարորակ նորագոյացությունների բժշկական ծառայությունները 2023 թ.–ին ավելացել են 50 հազարով, ինչը 1.5 տոկոսով ավելի է 2022 թ.–ի ցուցանիշից։
 
«Պետության կողմից ձեռնարկվող միջոցառումների արդյունքում մենք ունենք դրական տեղաշարժ` հիվանդության հայտնաբերման աճ, մահացության նվազում` 1 տոկոսով։ Նաև բժշկական ծառայությունների հասանելիությունն է բերել սրան»,– ընդգծեց Ավանեսյանը։
Ինչ վերաբերում է մոր և մանկան առողջության պահպանման միջոցառումներին, ապա նրա խոսքով` բավականին լավ ցուցանիշներ կան մեռելածնության նվազման առումով, մինչդեռ մանկական մահացության առումով դեռ չկա բարելավում` թվերը չեն նվազում։ Ավանեսյանը վստահեցրեց, որ իրենք վերլուծում են` հասկանալու, թե հավելյալ ինչ միջոցառումներ պետք է անել այս ուղղությամբ։
 
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նախարարից հետաքրքրվեց «Առողջ ծերացում» ծրագրի մասին, թե ինչ է այն իրենից ներկայացնում։
Ի պատասխան Ավանեսյանն ասաց, որ ծրագրի նպատակն է վերափոխել տարիքի նկատմամբ վերաբերմունքը, թե մարդը, կենսաթոշակային տարիքի հասնելով, պետք է անպայման գնա պասիվ կենսակերպի։
 

  • Կիսվել: