Լոռու մարզում պարգևատրվել են վարժական առաջին հավաքի մասնակիցները
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա եղավ այս տարվա վարժական առաջին հավաքի մասնակիցների համար կազմակերպված միջոցառմանը։ Ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Լոռու մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Սամվել Գևորգյանը, մարզպետարանի պաշտոնյաներ և ուժային կառույցների ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են Լոռու մարզի մարզպետարանից։
Միջոցառումը մեկնարկեց 3-րդ բանակային կորպուսի հոգևոր սպասավոր Սիմոն սարկավագի օրհնության աղոթքով։
Լոռու մարզպետը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց վարժական առաջին հավաքին ակտիվորեն մասնակցելու և Հայրենիքին պատվով ծառայելու համար։
-Ապրե՛ք տղեք, որ բարձր եք պահել հայի, լոռեցու պատիվը, թասիբը: Վստահ եմ, յուրաքանչյուր հայ տղամարդ քաջ գիտակցում է, որ ծառայությունը Հայրենիքին իր մեծագույն առաքելությունն է այս երկրի վրա: Մեր պետության սահմանների ամրությունը, անառիկությունը կախված է յուրաքանչյուրիցս ու առաջին հերթին իր հող ու ջրին նվիրված քաջերից: Ուզում եմ մեկընդմիշտ բոլորս մեր մտքում ամրագրենք ու հաստատենք նաև, որ ոչ ոք աշխարհում մեզնից բացի մեզ չի պաշտպանելու: Եթե մենք լինենք միասնական, համախմբված և մեր երկրին նվիրված հայորդիներ, մեզ ոչ ոք աշխարհում չի կարող հաղթել,- ասաց մարզի ղեկավարը։
Ներկա հրամանատարները վարժական հավաքի մասնակիցներին հորդորեցին լինել զգոն, պատասխանատու և հավաքների ընթացքում ձեռք բերած գիտելիքները անհրաժեշտության դեպքում ծառայեցնել Հայրենիքի պաշտպանության գործին։
ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը, ամփոփելով վարժական հավաքների կազմակերպումը, նշեց, որ պահեստազորայինների շրջանում բարձր է հավաքներին մասնակցելու պատրաստակամությունը։ Գնդապետը նաև շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետարանին մշտապես համագործակցելու համար։
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի և ՊՆ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի կողմից վարժանքների մասնակիցներին հանձնվեցին պատվոգրեր, պարգևներ և մեդալներ՝ պահեստազորայինների հետ անցկացված վարժական հավաքների ընթացքում մասնագիտական բարձր պատրաստվածություն ցուցաբերելու, մարտական դիրքերում ցուցաբերած մարտական և մասնագիտական բարձր պատրաստվածության, զգոնության, բարեխիղճ ծառայության և զինվորական օրինակելի կարգապահության համար։







