շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
List.am կայքի օգտատերերից մեկը վարձակալության է տալիս գոյություն չունեցող բնակարաններ

List.am կայքի օգտատերերից մեկը վարձակալության է տալիս գոյություն չունեցող բնակարաններ

List.am հայտարարությունների հարթակում Արմանը Հակոբյանը բնակարան էր փնտրում, որպեսզի իր 2 ընկերների հետ տեղափոխվի Երևան, գրում է hetq.am-ը։

Արմանը  ուսանող է, ապրում է Արարատի մարզի գյուղերից մեկում։ Նա ուսումնական տարվա մեկնարկից առաջ որոշել էր Երևանում ընկերների հետ բնակարան վարձել։

Սեպտեմբերի 6֊ին Արմանի ընկերը բնակարան է գտել։ Ըստ list.am-ի հայտարարության՝ բնակարանը գտնվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածում՝ Թոթովենց փողոցում, բնակարանի համարը և մուտքի հասցեն հայտարարության մեջ նշված չեն եղել։ Բնակարանի վարձակալության արժեքը  85 000 դրամ էր։ Հայտարարությանը կցված էին նաև լուսանկարներ, որոնք, ինչպես հետո պարզեցինք, վերցված են եղել տարբեր  հայտարարություններից, իսկ վարձակալությամբ տրամադրվող տունն իրականում գոյություն չի ունեցել։

Հայտարարություն տեղադրողը list.am կայքում գրանցվել է առանց անուն ազգանունի (անվան փոխարեն գրված էր գրանցված օգտատեր, ապա նա փոխել է իր հաշվի անվանումը՝ դարձնելով այն Gms Room), հայտարարությանը կցված էր հեռախոսահամար, որն այս պահին օգտատերը հեռացրել է իր հաշվից։ Այդ համարով էր Արմանի ընկերը կապ հաստատել list.am֊ի օգտատիրոջ հետ։ Հեռախոսահամարն այս պահին անհասանելի է։ Օգտատիրոջ հետ հնարավոր է կապվել միայն list.am֊ի հաղորդագրություն բաժնում գրելու հնարավորությամբ։

 

 

Օգտատերը ապագա վարձակալների հետ հեռախոսազրույցի ընթացքում անունով չի ներկայացել, ասել է, որ անշարժ գույքի գործակալ է։ Հեռախոսազրույցից հետո հաղորդագրությամբ տղաներին հաշվեհամար է ուղարկել, որպեսզի 20 000 դրամ կանխավճար փոխանցեն։ Պայմանավորվել են հաջորդ օրը գնալ տունը տեսնել։

Գործակալն այդ ժամանակ էլ հստակ հասցե չի նշել, ասել է, թե այդ տանը հղի կին կա, պետք է այնպիսի ժամի պայմանավորվեն, որ կինը տանը միայնակ չլինի, ամուսինն էլ տանը լինի։ Որոշել են հաջորդ օրը պայմանավորվել ու գնալ։ Կանխավճարը փոխանցելուց հետո օգտատերը հեռախոսահամարն անջատել է։ Այժմ այդ հայտարարությունը կայքից հեռացված է։ 

Հաշվեհամարը, որով Արմանը գումար է փոխանցել հայտարարություն տեղադրող օգտատիրոջը, գրանցված է 1955 թվականին ծնված Էլմիրա Անդրանիկի Դաղունցի անունով։

Ըստ ՀՀ ընտրողների ռեգիստրի տվյալների՝ Էլմիրա Անդրանիկի Դաղունցը բնակվում է Սյունիքի մարզի Խնձորեսկ գյուղական բնակավայրում, որն ընդգրկված է Գորիսի վարչական տարածքում։Այս պահին օգտատիրոջ հաշիվը ունի հետևյալ տեսքը

 

 

Օգտատերը կայքում տեղադրել է երեք հայտարարություն, բոլորը տեղադրվել են սեպտեմբերի 12֊ին, նախորդ հայտարարությունները նա ջնջել է, ըստ հայտարարությունների՝ բոլոր բնակարանները գտնվում են Նոր նորքի 2֊րդ զանգվածում։

Սերոբ Դաղունցի դեմ քրեական գործ է հարուցվել, 2014-ին նա կալանավորվել է

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում Էլմիրա Դաղունցի ընտանիքի անդամ (որդի) Սերոբ Դաղունցի անունով քրեական գործ է հարուցված, ըստ որի՝ 2014 թվականին Սերոբ Դաղունցը կնոջ՝ Լուսինե Սիմոնյանի ընտանիքին խաբել է․ չունենալով բժշկական կրթություն՝ վերջինիս ու նրա ընտանիքի անդամներին ներկայացել է որպես բժիշկ և խոշոր չափերի գումար կորզել հորինված, սուտ պատրվակով։ Իբրև թե մեկնում է Սանկտ Պետերբուրգ՝ ուսանելու նպատակով ռազմաբժշկական հաստատություններից մեկում: Սերոբ Դաղունցին մեղադրանք է առաջադրվել խարդախություններ կատարելու համար երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 178 հոդվածի 1-ին մասով: Դաղունցը կալանավորվել է։

 

 

list.am կայքում հայտարարություն տեղադրողը տղաների հետ խոսելիս չի ներկայացել, դժվար է նույնականացնել, որ հայտարարություն տեղադրող տղամարդը հենց Սերոբ Դաղունցն է, բայց հաշվեհամարը, որին փոխանցվել է գումարը, պատկանում է  Սերոբ Դաղունցի մորը՝ Էլմիրա Դաղունցին։ 

ՎՏԲ Հայաստան բանկը Դաղունց ընտանիքի դեմ դատական հայց է ներկայացրել ընդհանուր սեփականությունից բաժին առանձնացնելու պահանջի մասին

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում, բացի քրեական գործից, կա նաև քաղաքացիական գործ, որը վերաբերում է Դաղունց ընտանիքին։

2013֊ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «ՎՏԲ-Հայաստան բանկ» փակ բաժնետիրական ընկերությունը ներկայացրել է հայցադիմում ընդդեմ Սերոբ Սամսոնի Դաղունցի` հարյուր իննսունինը հազար վաթսունվեց դրամ վարկի ընդհանուր պարտքի և նախապես վճարված երեք հազար ինը հարյուր ութսունմեկ դրամ պետական տուրքի բռնագանձման, ժամկետանց վարկի մնացորդի հարյուր վաթսունչորս հազար դրամի և տոկոսների նկատմամբ հաշվարկը 2013թ. ապրիլի 18-ից մինչև դրա փաստացի մարումը շարունակելու և բռնագանձելու պահանջների մասին։

 2016-ին «ՎՏԲ Հայաստան» բանկը դատական հայց է ներկայացրել ընտանիքի դեմ ընդհանուր սեփականությունից բաժին առանձնացնելու պահանջի մասին:

2016 թվականին կայացած դատական նիստից հետո դատարանը որոշել է մասնակի բավարարաել հայցվոր «ՎՏԲ Հայաստան» բանկի պահանջը, նշանակվել է փորձաքննություն, գործը կասեցվել է մինչև 2020 թվականին։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է 2020 թվականի նոյեմբերի 3֊ին։

Ընտանիքի հետ կապ հաստատելու համար զանգահարեցինք նաև Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Երվանդ Մալունցին։ Նա ասաց, որ ընտանիքին անձամբ չի ճանաչում, նրանցից տվյալներ չունի, վերջին տարիներին չի տեսել։

«Ես իրենց չեմ ճանաչում, հետևաբար ոչ մի վատ բան չեմ էլ կարող ասել, լսել եմ էդ պատմության մասին, որ իրենց տղան՝ Սերոբը կալանավորվել է, բայց արդեն երկար ժամանակ է չեմ էլ տեսնում, գուցե տեղափոխվել են, այլ տեղում են ապրում, բայց գրանցումով դեռ Խնձորեսկի բնակիչ են»,֊ասաց վարչական շրջանի ղեկավարը։

  • Կիսվել: