ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԼՀԿ խմբակցության վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության․  ԼՀԿ-ի պարզաբանումը

ԼՀԿ խմբակցության վարորդը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության․ ԼՀԿ-ի պարզաբանումը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակը պարզաբանում է ներկայացրել  ԼՀԿ խմբակցության վարորդի հետ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։

Պարզաբանման մեջ ասված է.

«Քիչ առաջ shamshyan.com կայքով տարածվեց տեղկատվություն ԼՀԿ խմբակցության մեքենայի վարորդի ճանապարհային միջադեպի մասին, որն իրականությունը ներկայացնում է ամբողջապես խեղաթյուրված:

Վարորդների միջև երթևեկության ընթացքում տեղի է ունեցել միջադեպ, որից հետո մյուս մեքենայի վարորդը կայանել է, որպեսզի հաշիվները մաքրի Համլետ Զարոյանի հետ:

Նա դուրս է եկել շինարարական գործիքը (պտուտակահանը) ձեռքին և դրանով վնասվածքներ հասցրել Համլետ Զարոյանին:

Կից նկարներում տեսանելի է Զարոյանի մարմնի վրա պտուտակահանից ստացված վնասվածքները, ինչի առկայությունը բնականաբար վկայում է մյուս մեքենայի վարորդի` հարձակում գործելու մտադրության մասին: Զարոյանը ինքնապաշտպանվել է, կասեցրել հարձակումը, փորձել խլել պտուտակահանը և միջադեպից հետո, ժամը 12:00-ի սահմաններում անձամբ գնացել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին և ներկայացրել հաղորդում հանցագործության մասին, ստացել դատաբժշկի ուղեգիր, որից հետո անցել է իր առօրյա աշխատանքներին:

Անհասկանալի է, թե Համլետ Զարոյանի կողմից միջադեպից անմիջապես հետո իրավապահներին ներկայացրած հանցագործության մասին հաղորդումը ինչո՞ւ է shamshyan.com-ը ներկայացրել այնպես, իբրև Զարոյանը հարձակման համար բերման է ենթարկվել: Զարոյանը տեսնելով պտուտակահանը դիմել է ինքնապաշտպանության և վտանգը անցնելուց անմիջապես հետո գնացել ոստիկանություն և տեղեկացրել միջադեպի մասին»։

Հիշեցնենք, որ Shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների կողմից, ոստիկանության Մալաթիայի բաժին է բերման ենթարկվել Ազգային Ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի վարորդը։

  • Կիսվել: