երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լանջիկի վթարի վիրավորներից 3-ը կտեղափոխվեն Երևան

Լանջիկի վթարի վիրավորներից 3-ը կտեղափոխվեն Երևան

Երեւան–Գյումրի ավտոճանապարհին այս գիշեր՝ օգոստոսի 14-ին, տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով վիրավորված եւ Գյումրիի ԲԿ տեղափոխված 5 քաղաքացիներից 3-ին ամենայն հավանականությամբ կտեղափոխեն Երեւան։ Այս մասին հայտնեցին ԲԿ-ից։

Հիվանդներից մեկը կտեղափոխվի «Աստղիկ» ԲԿ, երկուսը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»։

Կենտրոնից հայտնեցին, որ քաղաքացիների առողջական վիճակում փոփոխություն չկա։ Նրանց վիճակը գնահատվում է ծանր։

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ի գիշերը, Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ողբերգական ավտովթար։ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կմ-ին բախվել են «Volkswagen» մակնիշի ուղևորափոխադրող միկրոավտոբուսը և «ZIL» մակնիշի բեռնատարը։ Զոհվել է 11 քաղաքացի, ծանր վիրավորել՝ 6-ը։ Տուժածներից 5-ը վերակենդանացման բաժանմունքում են, նրանցից 4-ի առողջական վիճակը ծանր է, մեկինը` ծայրահեղ ծանր:

Ողբերգական վթարի ուղեւորները վերադառնում էին Արեւմտյան Հայաստան ուղեւորությունից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)։

  • Կիսվել: