կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կութ գյուղի հարակից տարածքում հրդեհաշիջումը շարունակվում է

Կութ գյուղի հարակից տարածքում հրդեհաշիջումը շարունակվում է

Շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները Գեղարքունիքի Կութ գյուղի հարակից խոտածածկ տարածքում: Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, կեսօրից բռնկված հրդեհի վայրում աշխատում է 16 փրկարար ծառայող: Հրշեջներին օգնում է նաև տվյալ խոտհարքի սեփականատերը:

Ռելիեֆային պայմանների բարդությունից ելնելով՝ հրշեջ մեքենաները տարբեր տարածքներում կայանել են հրդեհից 200-600 մետր հեռավորության վրա: Հրշեջները ջուրը հրդեհի վայր են հասցնում ուսապարկերով: Նախնական տվյալներով այրվում է մոտ 15-20 հա խոտածածկույթ։ Որոշ հատվածներում իրականացվել է հրդեհի տարածման կանխում, և հնարավոր է եղել փրկել ինչպես մեծ քանակությամբ խոտի հակ, այնպես էլ հնձած ու դեռևս չհավաքած խոտ: Սահմանված է հերթապահություն:

Սեպտեմբերի 1-ի ժամը 00:46-ի դրությամբ, Կութ գյուղի հարակից տարածքում առկա հրդեհի երկու օջախները ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության ստորաբաժանումների կողմից մարվել էին․ տարածքում հերթապահել էին համայնքապետարանի աշխատակիցները։

  • Կիսվել: