կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը ՀՀ ամբողջ տարածքում

Կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը ՀՀ ամբողջ տարածքում

Կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը ՀՀ ամբողջ տարածքում: Նախագծով կանոնակարգվում են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառման սահմանափակումների և այդ հարցերի հետ կապված իրավահարաբերությունները:

Նախագծի ընդունման դեպքում գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների ներմուծման, տեղափոխման, փոխադրման արգելքների սահմանումը կհանգեցնի երկրի կենսաբանական անվտանգության և բնակչության առողջության պահպանման մակարդակի բարձրացմանը և դրանց կիրառման հետ կապված իրավահարաբերությունների կանոնակարգմանը:

Օրենքի նախագծով առավելագույնս կսահմանափակվի գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների կիրառումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում. ասել է էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը նախագիծը քննարկել է նոյեմբերի 9-ի նիստում:

Օրենսդրական փաթեթի ընդունման նպատակն է ՀՀ-ում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության հետ կապված հարաբերությունների կանոնակարգման միջոցով բացառել դրանց հնարավոր անբարենպաստ ազդեցությունը շրջակա միջավայրի, մարդու առողջության, կենսաբազմազանության, գյուղատնտեսական նշանակության հողերի անվտանգության վրա:

Փոխնախարարի խոսքով նախագիծը վերաբերում է միայն սերմերի և տնկանյութերի ներմուծման սահմանափակմանը, որը վերաբերում է գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներին: Արման Խոջոյանը նշել է, որ այն չի վերաբերում սննդամթերքում առկա գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներին, որը կանոնակարգվում է այլ օրենքով:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանի այն հարցին, թե որ կառույցն է ստանձնելու օրենքի վերահսկման գործառույթը, նշվել է, որ վերահսկողությունն իրականացնելու է Սննդամթերքի անվտանգության տեսչությունը:

Նախագիծը հանձնաժողովի կողմից ստացել է դրական եզրակացություն:

Դիտումների քանակ8

  • Կիսվել: