շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Կրակը հասել է բենզալցակայանին. կա վիրավոր. նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած դեպքից

Կրակը հասել է բենզալցակայանին. կա վիրավոր. նոր մանրամասներ Երևանում տեղի ունեցած դեպքից

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում արտակարգ իրավիճակների փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արցախի պողոտայում գործող բենզալցակայաններից մեկի դիմաց ավտոմեքենա է այրվում, և կան տեղեկություններ, որ կրակը բռնկվել է նաև բենզալցակայանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ օպերատիվորեն կժամանեին հրշեջները, բենզալցակայանի աշխատակիցները իրենց ուժերով փորձել են կանխել կրակի տարածումը, ապա մարել այն, սակայն այն այնքան արագ է տարածվում, որ կրակն ու ծուխը տեսանելի է բավականին հեռվից։ Հրդեհի վայր է ժամանել նաև ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանը։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, ովքեր սահմանազատել են տարածքը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները ավտոմեքենաները չկայանեն, և խցանում տեղի չունենա։ 

Դեպքի վայրի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ասում էին. «Հիմա ո՞նց չասես՝ հալալ ա հրշեջներին։ Եթե 5 րոպե ուշանային, էս կրակի լեզուները գրոհելու էին տների ու հարևանությամբ գտնվող օբյեկտների վրա։ Հրշեջները, եթե արագ ու ճիշտ չկողմնորոշվեին, նախ չկանխեին կրակի տարածոմը, կրակը գրոհելու էր մեծ տարածքներ։ Շտապօգնության բժիշկներին էլ էր հալալ. օպերատիվորեն ժամանեցին ու տեղում, մեր տեղեկություններով, բենզալցակայանի աշխատակցին նախ օգնություն ցուցաբերեցին, ապա տեղափոխեցին հիվանդանոց»։

Օպերատիվորեն ժամանել է նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Հակոբ Բալայանը, ում հանձնարարականով արդեն թաղապետարանի համապատասխան բաժինների ծառայողներն ուսումնասիրում են՝ արդյո՞ք հրդեհի հետևանքով հրդեհի հարևանությամբ գտնվող բնակիչները տուժել են, թե ոչ։   

  • Կիսվել: