երեքշաբթի, ապրիլ 22
22 / 4 / 2025
Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա երեք վիրավոր

Կոտայքի մարզում «Nissan»-ը բախվել է քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում․ կա երեք վիրավոր

Այսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում Աբովյան-Ձորաղբյուր ճանապարհի, Արտաշատի խճուղում Երևանի բնակիչ 31-ամյա Մարիամ Ա․-ն իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել այդ պահին նշված հատվածով աշխատանքից տուն վերադարձող ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի պարեկը, քաղաքացիները և օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները վիրավորներից մեկին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և տեղում իրականացրել հերթապահություն։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են պարեկներ Գոռ Վահրամյանը և Կարեն Անդրեասյանը։

Վթարի մասին ՊԾ Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերգեյ Ավագյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

  • Կիսվել: