չորեքշաբթի, փետրվար 5
5 / 2 / 2025
Կոտայքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Opel»-ը. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները

Կոտայքի մարզում բախվել են «Mitsubishi»-ն ու «Opel»-ը. վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները

Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհին՝ Արտաշատի խճուղում՝ Ջրվեժ գյուղի գերեզմանատների մոտ, բախվել են «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների՝ օպերատիվորեն ժամանած «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է հիվանդանոց։

Դեպքի վայր է ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 1 փրկարարական ջոկատը՝ ջոկատի պետ Բիձյանի գլխավորությամբ։

Վիրավորին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները ու պատգարակով մոտեցրել շտապօգնությանը։

Բժիշկները վիրավորին, մինչև «Աբովյան» բժշկական կենտրոն տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար, օրվա պատասխանատու հերթապահ Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սեյրան Նազարյանն ու Արսեն Ումրշատյանը։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աբովյանի ոստիկանության բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Կոտայքի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի և Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ։

Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

  • Կիսվել: