երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Կոտայքի մարզում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Opel-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Կոտայքի մարզում բախվել են Lexus-ը, Nissan-ն ու Opel-ը. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

Այսօր` հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:   Ժամը 20:30-ի սահմաններում,  Երևան-Սևան ավտոճանապարհի 29.5 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Լexus, Nissan և Opel մակնիշի ավտոմեքենաները:  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որից 3-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր ու Չարենցավանի հիվանդանոցներ:   Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Բյուրեղավանի և Չարենցավանի բժշկական կենտրոնների բժիշկները:  

Վիրավորներից մեկին պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Չարենցավանի և Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներն ու տեղում ծառայություն կատարող Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:  

Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և մասամբ կախվել ձորակի եզրին՝ բախվելով երկաթե արգելապատնեշներին, իսկ Opel-ն էլ մասամբ փակել է ճանապարհի երթևեկելի գոտին՝ նույնպես բախվելով երկաթբետոնե արգելապատնեշներին:   Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու հատուկ ճոպանով կապել են Lexus-ը, որպեսզի այն չգահավիժի:  

Օպերատիվորեն ժամանել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչներ Կառլեն Բաղյանը, Մայիս Բադեյանն ու Ավետիք Ավետիսյանը:   Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է Կ. Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատուի գլխավորությամբ:   Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով երթևեկեությունը նշված հատվածում դարձել է դանդաղընթաց, իսկ ավտոմեքենաների շարասյունը հասնում է մոտ 10 կիլոմետրի:   Հրշեջ-փրկարարները տեղում կատարեցին նաև ճանապարհի լվացման աշխատանքներ:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:  

  • Կիսվել: