ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կոտայքի մարզպետն այցելել է Արագյուղ, Բուժական, Զորավան, Սարալանջ և Զովունի բնակավայրեր

Կոտայքի մարզպետն այցելել է Արագյուղ, Բուժական, Զորավան, Սարալանջ և Զովունի բնակավայրեր

Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանն այցելել է Եղվարդ խոշորացված համայնքի Արագյուղ, Բուժական, Զորավան, Սարալանջ և Զովունի բնակավայրեր:

Կոտայքի մարզի մի շարք համայնքներում շինարարական ակտիվ եռուզեռ է, շարունակվում են իրականացվել համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը:

Եղվարդ խոշորացված համայնքի Բուժական, Զորավան, Արագյուղ, Սարալանջ և Զովունի բնակավայրեր կատարած այցի շրջանակներում մարզպետը հետևել է արվող շինարարական աշխատանքների ընթացքին:

Արագյուղում վերակառուցվում է մշակույթի տունը, բարեկարգվում է բակային հատվածը: Արդեն այս տարի արագյուղցիները կունենան ժամանակակից և գեղեցիկ մշակութային կենտրոն: Ծրագրի իրականացման արդյունքում ճարտարապետական հարուստ լուծումներով կառուցված, սակայն երկար տարիներ բարձիթողի վիճակում հայտնված շենքը նոր շունչ կստանա և կծառայի իր նպատակին:

Բուժականում ասֆալատապատվում է ներհամայնքային 1,5 կմ ճանապարհահատված, որը, կարելի է ասել, տեղի բնակիչների համար երկար տարիների երազանք է եղել: Իրականացվում են նաև այդ ճանապարհահատվածի ջրահեռացման աշխատանքներ, կառուցվում են մայթեզրերը: Շինարարական աշխատանքներն սկսվել էին դեռևս անցած տարի, պայմանավորված երկրում կորոնավիրուսային համավարակով և ռազմական դրությամբ՝ աշխատանքներն ընդհատվել էին: Շինարարությունը կվերսկվի առաջիկա օրերին, ճանապարհը շահագործման կհանձնվի հուլիսին:

Կոտայքի մարզում մանկապարտեզների նորոգումը սուբվենցիոն ծրագրերի առաջնահերթություններից է: Զորավանում 100 փոքրիկի համար կրկին Կառավարության աջակցությամբ ամբողջովին հիմնանորոգվել է երկհարկանի մանկապարտեզը: Երեխաների առօրյան գեղեցկացնելու և բարեկեցիկ միջավայր ստեղծելու նպատակով նորացվել է նաև մանկապարտեզի գույքը:

Զովունիում էլ սուբվենցիոն ծրագրով կառուցվում է 2.5 կմ երկարությամբ կոյուղագիծ: Շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, ավարտին կհասցվեն սահմանված ժամկետում՝ հուլիսին: 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով էլ վարչական այս տարածքում կառուցվել է 1.5 կմ երկարությամբ խմելու ջրագիծ, որով ավելացվել է բնակիչներին հասնող ջրի ծավալն ու բարելավվել է ջրամատակարարման որակը:

Եղվարդ խոշորացված համայնքից Կառավարությունից սուբվենցիաներ ստանալու համար ներկայացվել են ասֆալատապատման, լուսավորության ցանցի անցկացման, ոռոգման և խմելու ջրագծերի կառուցման ծրագրային հայտեր, որոնք դեռևս քննարկման փուլում են:

Համայնքներում մարզպետը հանդիպումներ է ունեցել նաև քաղաքացիների հետ, լսել նրանց խնդիրներն ու պատասխանել հարցերին:

  • Կիսվել: