կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Կոտայքի մարզի Մեղրաձոր բնակավայրում կստեղծվի կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Մարտի 13-ին ՆԳՆ փրկարար ծառայության, Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան, Կոտայքի մարզպետարանի և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Մեղրաձոր բնակավայրում ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության «Մարդկային անվտանգության» դրամաշնորհային աջակցության շրջանակներում մեկնարկեց «Մեղրաձոր համայնքի դիմադրողականության ամրապնդումը՝ հրշեջ փրկարարական կամավորական բազայի հիմնադրման միջոցով» ծրագիրը։

Ծրագրի մեկնարկն ազդարարվեց Մեղրաձոր բնակավայրում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության միջև պայմանագրի ստորագրմամբ։

Ծրագրի մեկնարկի հանդիսավոր արարողությանը ներկա էին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՓԾ տնօրենի տեղակալներ Եգոր Կարապետյանը, Տիգրան Պետրոսյանը, Հայաստանում Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին, Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանը, «Տնտեսական լրագրողների ակումբ» ՀԿ-ի նախագահ Աննա Բաղդասարյանը և այլ հյուրեր։

Մեղրաձոր բնակավայրում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծման ծրագիրն իրականացվում է 2023 թվականին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան կողմից հայտարարված համայնքների անվտանգային խնդիրների լուծման աջակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որի հաղթող է ճանաչվել «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպությունը։

Հայաստանում կան համայնքներ, որոնք, ըստ սահմանված չվացուցակի, գտնվում են սպասարկվող հրշեջ-փրկարարական ջոկատներից զգալի հեռավորության վրա: Հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները նշված վայրերում օբյեկտիվ պատճառներով երբեմն կանչի վայր են հասնում զգալի ուշացումով: Ուստի արագ և օպերատիվ արձագանքելու նպատակով առավել արդյունավետ է դիտարկվում հրշեջ-փրկարարական հենակետերի գործունեությունը և կամավորական հրշեջ-փրկարարական ուժերի առկայությունը, որի շնորհիվ կրճատվում է արձագանքման ժամանակը, նվազեցվում են մարդկային կորուստները։

Հենց այս խնդիրների լուծման նպատակով ՆԳՆ փրկարար ծառայության աջակցությամբ Մեղրաձոր բնակավայրում մեկնարկեցին հրշեջ կամավորական հենակետի ստեղծման աշխատանքները։ Ծաղկաձոր համայնքը միավորում է 6 գյուղ՝ շուրջ 6000 ընդհանուր բնակչությամբ։ Գտնվելով անտառային հրդեհների բարձր ռիսկային գոտում՝ այդ տարածաշրջանի բնակիչներն իրական վտանգի տակ են։ Համայնքն ունի անտառածածկ և խոտածածկ 8500 քմ ընդհանուր տարածք։ Համայնքի բնակավայրերը գտնվում են Հրազդանի մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատից 16-30 կմ հեռավորության վրա, և արտակարգ դեպքերի, պատահարների ժամանակ հրշեջ-փրկարարներից տևական ժամանակ է պահանջվում տեղ հասնելու համար, մինչդեռ առաջին արձագանքման ժամանակի գործոնը կարևոր է կյանքեր փրկելու և վնասը նվազեցնելու առումով։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանը։ Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը նշեց․ «Մեղրաձոր համայնքում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետի ստեղծումը բխում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից որդեգրած՝ Հայաստանի մարզերում կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդման ռազմավարությունից, որի նպատակն է կրճատել հրդեհների և արտակարգ դեպքերի արձագանքման ժամանակահատվածը, ինչպես նաև նվազեցնել պետությանն ու բնակչությանը հասցվող նյութական կորուստները: Ռազմավարության հիմքում ընկած է ՀՀ-ում կամավորական հրշեջ-փրկարարական հենակետերի ստեղծումն այն համայնքներում, որոնք գտնվում են սպասարկող հրշեջ-փրկարարական ջոկատներից հեռավորության վրա և ունեն դժվարանցանելի ճանապարհներ»։

Կամո Ցուցուլյանը հավելեց, որ հենակետերի ստեղծման նպատակով Փրկարար ծառայությունն աջակցում է կամավորների հավաքագրման գործընթացին, մշակել է կամավորների սկզբնական մասնագիտական պատրաստության ծրագիր, կամավորների մասնակցությամբ կազմակերպում է ուսումնավարժություններ, իրականացնում է կամավորների որակավորման գործընթաց, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ համայնքներին նվիրաբերում է հրշեջ-ավտոբաք:
Իր խոսքում Կամո Ցուցուլյանը շեշտեց, որ ծրագրի իրականացման գործընթացում մեծ դերակատարում ունեն նաև մարզպետարանն ու համայնքները, որոնք իրենց հերթին հատկացնում են շինություն, հոգում են շինության պահպանման հետ կապված ծախսերը, հնարավորության սահմաններում ցուցաբերում են այլ աջակցություն՝ կամավորների հավաքագրման, ապահովագրության, գույք-սարքավորումներով ապահովման համար: ՓԾ տնօրենն անդրադարձավ նաև դոնոր կազմակերպություններին, որոնք հսկայածավալ աշխատանքներ են իրականացնում հենակետերի ստեղծման և կարողությունների զարգացման ուղղությամբ։

Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը, Ճապոնիայի դեսպան Յուտակա Աոկին, «Տնտեսական լրագրողների ակումբ» հասարակական կազմակերպության նախագահ Աննա Բաղդասարյանը։ Վերջինս նշեց, որ հասարակական կազմակերպությունն իր սոցիալական պատասխանատվության շրջանակներում կամավոր հիմունքներով է մասնակցում ծրագրին, քանի որ նպատակ ունեն ոչ միայն աջակցել աղետների նկատմամբ համայնքի դիմակայունության բարձրացմանը, հնարավոր անվտանգային և տնտեսական վնասների նվազեցմանը, այլ նաև խթանել կամավորական շարժումը՝ իրենց փոքրիկ լուման ունենալու երկրի անվտանգության բարձրացման գործում։

Շնորհավորելով ներկաներին և ողջունելով փաստաթղթի ստորագրումը՝ Ճապոնիայի դեսպանը կարևորեց համագործակցությունը, նշելով, որ Ճապոնիայում ճգնաժամերին արձագանքելու համակարգում հենց կամավորական աջակցությունն է համարվում ամենակարևոր աջակցող ուժը։ Դեսպանը բարձր գնահատեց ՆԳՆ փրկարար ծառայության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կամավորական շարժմանն աջակցությունը, որը տրամադրվում է վերջիններիս ավելի ուժեղացնելու և հզորացնելու նպատակով։

Նշենք, որ ծրագրի շրջանակներում հենակետի հետագա շահագործման և կահավորման գործում պատասխանատվություն ունեն նաև Ծաղկաձոր խոշորացված համայնքը, որը հենակետին կտրամադրի անհատական պաշտպանության միջոցներ, գույք և սարքավորումներ, ինչպես նաև կկահավորի հրշեջ-փրկարարական հենակետը, իսկ ՆԳՆ փրկարար ծառայության կողմից կիրականացվեն կամավորների վերապատրաստման ծրագրեր և կտրամադրվի հրշեջ-մեքենա։

  • Կիսվել: