շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ

Կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ

Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Գործող օրենքներում առաջացել էր որոշակի լիազորող նորմերի ապահովման անհրաժեշտություն, ուստի և՛ ենթաօրենսդրական ակտերն ընդունելու և՛ օրենքների կիրարկումը լավագույնս ապահովելու համար ներկայացվել են որոշակի խմբագրական առաջարկություններ:

Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 8-ի արտահերթ նիստում:

Հանձնաժողովի նիստում քննարկվել է ««Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Առաջին փոփոխությունը վերաբերում է Պետական հավաստագրերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելուն, ըստ որի` հավաստագրերը պետք է ներդրված լինեն  2024 թ. երրորդ եռամսյակում: Կարգը մշակելու և ներկայացնելու համար կատարվել են անհրաժեշտ լրացումները: Փոփոխություններ են կատարվել Աջակցող միջոցների պետական հավաստագրերի, ինչպես նաև առանց պետական հավաստագրի տրամադրվող նվազագույն չափորոշիչների հաստատման կարգերում:

Սահմանվել են Անկախ կյանքի կենտրոնների ստեղծման համար լիազորություն և հիմք, որպեսզի կարողանան համայնքահեն ծառայություններ ստեղծել հենց համայնքներում: Հստակեցվել է «անձնական օգնական» հասկացությունը:

Ըստ հիմնական զեկուցողի` կվերափոխվի գործող բժշկասոցիալական փորձաքննության մոդելը, կներդրվի անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգ, ուստի և անհրաժեշտ գործիքակազմ ունենալու համար ներկայացվել են համապատասխան փոփոխություններ:

Օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվել է քննարկել 24-ժամյա ռեժիմով:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքների նախագծերի փաթեթին:

  • Կիսվել: