Կիրանցում 1000 դոլարանոց «դոմիկի» համար 50 000 դոլար են տալիս, որ մարդը թողնի, դուրս գա. Սրբազան
Կիրանցի և Ոսկեպարի բնակիչները, որոնց հետ մենք հանդիպել ենք, փոխհատուցումից հրաժարվել են և ունեն կադաստրի վկայականներ: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
«Նրանք հրաժարվում են իրենց գույքը վաճառել: Այս ընթացքում իրենց մի քանի անգամ տարբեր գումարներ են առաջարկել:
Իրենց պարտադրում են, ասում են՝ դուք պետք է հրաժարվեք գույքային և այլ պահանջներից: Այդ մարդիկ պետք է դիմեն մարզպետարան, որ իրենց կադաստրի վկայականները համարվեն առոչինչ:
Մարդիկ մտավախություն ունեն, որ պատասխանատվությունը դրվում է իրենց վրա: Այսինքն վաղը դատական գործընթաց սկսելուց իշխանություններն ասելու են՝ դուք չէի՞ք խնդրանքով դիմել մեզ, որ այդ վկայականները համարվեն առոչինչ:
Մի քանի օր ժամանակ են տվել մարդկանց, ասել են՝ եթե փոխհատուցումից հիմա չօգտվեք, վաղը այդ գումարներն էլ ձեզ չենք տալու: Շանտաժի մեթոդ են կիրառում»,-ասաց նա:
Իր հերթին Բագրատ Սրբազանն ասաց. «Միայն մի փոքրիկ տնակի համար 50 հազար դոլար են առաջարկել: Մնացածը հսկայական թվեր են: մարդն ասել է՝ այդ դոմիկը հազար դոլար հազիվ արժենա, դուք ինձ ինչու եք 50 հազար առաջարկում: Այդքան արժանապատվություն ունի այդ մարդը: Այսինքն կաշառք են տալիս:


