հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կին ձեռներեցներին աջակցող ծրագիրն ընդունում է հայտեր

Կին ձեռներեցներին աջակցող ծրագիրն ընդունում է հայտեր

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից տեղեկացնում են, որ Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (ՄՖԿ)` Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» աջակցությամբ իրականացնում է «Կանանց տնտեսական հզորացումը Հայաստանում» ծրագիրը, որի նպատակն է բարելավել կին ձեռնարկատերերի տնտեսական արդյունքը՝ զարգացնելով նրանց գործարար կարողությունները և բիզնես ցանցերի հասանելիությունը:

Ծրագրի շրջանակում ՄՖԿ-ն՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի միջոցով իրականացնում է «Ձեռներեց կանանց հնարավորությունների ընդլայնումն  ու առաջխաղացումը ոչ տեխնոլոգիական ոլորտներում՝ տեխնոլոգիական լուծումների միջոցով» ծրագիրը, որը նպատակ ունի խթանել կանանց ներգրավվածությունը ձեռներեցության ոլորտում, օգնել գնահատել նորարարական և բարձր տեխնոլոգիական լուծումների դերը բիզնեսի զարգացման և ընդլայնման մեջ։

Վերջին տարիներին Հայաստանն աշխարհի քարտեզի վրա դիրքավորվում է իր բարձր տեխնոլոգիական ստարտափներով և նորարարական լուծումներով։ Այս ծրագրի հիմնական մարտահրավերն է խթանել կին ձեռներեցների կողմից հիմնադրված սկսնակ ընկերությունների զարգացումը, հզորացումը և ընդլայնումը համաշխարհային շուկաներում։

Նշված նպատակների իրականացմանն ընդառաջ մեկնարկում է ծրագրի աքսելերացիոն փուլը Երևանում, Գյումրիում և Վանաձորում՝ «Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի, Գյումրու և Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների աջակցությամբ։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սեպտեմբերի 25-ը՝ ժամը 23:59-ը: Ծրագրի մանրամասներին ու դիմելու ընթացակարգին կարող եք ծանոթանալ այստեղ:

«Ամփոփելով բութքեմփի արդյունքները՝ կարող ենք արձանագրել, որ ծրագիրն արդեն իսկ կատարել է իր հիմնական առաքելությունը, քանի որ ստեղծվեցին նոր թիմեր, ձևավորվեցին նորարարական գաղափարներ՝ ավանդական ոլորտներում: Աքսելերացիոն փուլի նպատակն է առավել թիրախավորված աշխատանքի միջոցով խթանել տեխնոլոգիական լուծումների մուտքն ավանդական ոլորտներ»,- նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանը:

Ծրագրի բութքեմփի փուլը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներից բացի, աքսելերացիոն փուլին կարող են դիմել նաև նոր մասնակիցներ, այդ թվում՝

- կանանց հիմնադրած նորաստեղծ ընկերություններ (առավելագույնը հինգ տարվա գործունեությամբ).

- կին ձեռներեցների կամ մասնագետների թիմեր, որոնք ունեն սեփական ստարտափը ստեղծելու և հաջողակ բիզնեսի վերածելու պատրաստակամություն.

- ավանդական ոլորտներում ձեռնարկության հիմնադիր կամ համահիմնադիր կանայք, ովքեր նպատակ ունեն տեխնոլոգիական և նորարարական լուծումները ներդնել իրենց բիզնեսում:

Ընտրական փուլը հաջողությամբ հաղթահարած դիմորդները կմասնակցեն 16-շաբաթյա աքսելերացիոն ծրագրին՝ ոլորտի լավագույն մասնագետների մատուցմամբ, որը ներառում է՝

- մենթորների և փորձագետների հետ հանդիպումներ՝ աճի փուլում գտնվող թիմերի հետ (ՓՄՁ-ներ).

- բիզնես և տեխնոլոգիական ուղղվածության դասընթացներ՝ համապատասխան սեմինարներով, առաջադրանքներով, անհատական (one-on-one) և մենթորների հետ հանդիպումներով՝ գաղափարի փուլում գտնվող թիմերի հետ։

Ծրագրի ավարտին լավագույն 5 թիմերը կստանան 1 մլն ՀՀ դրամ դրամաշնորհ՝ իրենց նախագծերը սկսելու կամ զարգացնելու համար:

  • Կիսվել: