երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կիևի Պեչորյան վանքի ավանդույթները, նրա հավատացյալների իրավունքները պետք է հարգվեն. Գարեգին Բ

Կիևի Պեչորյան վանքի ավանդույթները, նրա հավատացյալների իրավունքները պետք է հարգվեն. Գարեգին Բ

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն, ռուսաստանյան ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում, խոսելով Կիևի Պեչորյան վանքի հետ կապված խնդիրների մասին, նշել է, որ անհրաժեշտ է հարգել պատմական վանքի ավանդույթները և նրա հավատացյալների ու միաբանության իրավունքները։ 

«Մեծ ցավ է մեզ համար տեսնել ողբերգական զարգացումները Ուկրաինայում: Դժբախտաբար, ստեղծված ծանր իրավիճակն իր ներգործությունն ունեցավ նաև եկեղեցական կյանքի վրա։ 

Հոգևոր ոլորտում առկա խնդիրները և տարաձայնությունները պետք է կարգավորվեն միմիայն դարերով նվիրագործված եկեղեցական կանոններով, իսկ պետության հոգածությամբ ապահովվեն հավատացյալների խղճի և կրոնական դավանանքի ազատության իրավունքները։  Կիևի Պեչորյան վանքի պարագային ևս պետք է հարգվեն պատմական վանքի ավանդույթները և նրա հավատացյալների ու միաբանության իրավունքները», - նշել է Վեհափառ Հայրապետը։ 

«Մեր աղոթքն է, որ Աստծո ողորմությամբ շուտափույթ վերահաստատվի խաղաղությունը նույնադավան եղբայր ժողովուրդների կյանքում, և վերականգնվեն փոխըմբռնումն ու համերաշխությունը Ուղղափառ Եկեղեցու մեծ ընտանիքում», - հավելել է նա։ 

Կիևի Պեչորյան վանքը համարվում է ռուսական աշխարհի ամենահին հոգևոր հաստատություններից մեկը։ Միաբանությունը իրեն դասում է Ուկրաինայի Ուղղափառ Եկեղեցու մի մաս, որը ենթարկվում է Ռուս Ուղղափառ Եկեղեցուն։ Ռուսաստանի և Ուկրաինայի զինված հակամարտությունից հետո մի քանի անգամ փորձ է արվել դուրս հանել միաբանությանը վանքից, իսկ այն միացնել Ուղղափառ Ուկրաինական Եկեղեցուն, որը հայտարարել է Ռուս Ուղղափառ Եկեղեցուց իր անջատման՝ ավտոկաֆելիայի մասին։

  • Կիսվել: