երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Խոսքը պատմությանը նայելու դիտանկյան մասին է. ԿԳՄՍ նախարարը՝ վարչապետի հայտարարությունների մասին

Խոսքը պատմությանը նայելու դիտանկյան մասին է. ԿԳՄՍ նախարարը՝ վարչապետի հայտարարությունների մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ իրական և պատմական Հայաստանի վերաբերյալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե հնարավոր է «Հայոց պատմության» դասագրքերը փոփոխության ենթարկվեն, Ժաննա Անդրեասյանը նշեց.

«Կարծում եմ՝ պիտի ուշադիր լսած լինեք վարչապետի խոսքը, որովհետև վարչապետը իր խոսքով ամբողջությամբ անդրադարձավ նրան, որ սա չի չեղարկում մեր պատմությունը, մեր պատմությունը մեր պատմությունն է, և պատմության դասագրքերն էլ մեր պատմության մասին են: Խոսքը պատմությանը նայելու դիտանկյան մասին է, ոչ թե այն մասին, որ Մեծ Հայքի նահանգները կամ որևէ այլ ժամանակաշրջան կամ դրվագ դադարում է լինել մեր պատմությունը: Ամբողջ տրամաբանությունն այն է, որ մենք կարողանանք մեր պատմությանը մոտենալ այսօրվա մեր պետության պետական շահի դիրքից և կարողանանք վերագնահատել այդ իրադարձությունները՝ հաշվի առնելով այսօրվա մեր պետության մարտահրավերները, նաև այն խնդիրները, որ ունենք լուծելու»:

Նախարարը հիշեցրեց «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» անվանափոխելու նախաձեռնության մասին, որը, նրա խոսքով, ուղղված է հենց այդ խնդրի լուծմանը, որպեսզի հնարավոր լինի պատմության մոտեցման մեթոդաբանական փոփոխություն կատարել:

«Էլի եմ կրկնում. սա ոչ թե բովանդակության փոփոխության մասին է, այլ սա մեթոդաբանական մոտեցման մասին է, որպեսզի մեր պատմության իրադարձությունների մեկնաբանության մեջ գերակշռի այսօրվա մեր պետության դերից դրանց վերարժևորումը»,- ասաց Ժաննա Անդրեասյանը:

  • Կիսվել: