երկուշաբթի, սեպտեմբեր 7
7 / 9 / 2026
Խոշորացման մեթոդը չի կարող փոխվել․ նախարարը՝ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում խոշորացման դեմ բողոքի ակցիաների մասին

Խոշորացման մեթոդը չի կարող փոխվել․ նախարարը՝ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում խոշորացման դեմ բողոքի ակցիաների մասին

«Անձամբ չեմ հանդիպել, որովհետև գտնում եմ, որ այդ մեթոդով չենք կարող նման  իրավական հարցեր քննարկել, պատրաստ եմ եղել ինչ-որ խմբի հետ  հանդիպման»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքների բնակիչների՝ խոշորացման դեմ բողոքի ակցիաների և դրանց պատճառների վերաբերյալ հարցին այսպես պատասխանեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։  

«Ծովագյուղի պարագայում իրենց հիմնական դժգոհությունն այն էր, որ կար համայնքների խոշորացման փնջային տարբերակը, որի պարագայում իրենք և Սեմյոնովկա համայնքն էին միավորվում»,- մեկնաբանեց նախարարը, ապա հավելեց, որ այդ տարբերակն այդպես էլ մնացել է մինչև 2021-ի հունիս․ «Հայաստանում ստեղծված ներքաղաքական և այլ խնդիրներով պայմանավորված որևէ մեկս խոշորացման մասին չէինք էլ մտածում, կարծում եմ՝ բոլորի համար պարզ ու հասկանալի է»։

Նախարարի խոսքով, երբ որոշվեց, որ պետք է գնալ համապետական ընտրությունների, որոշում կայացվեց գնալ խոշորացման նոր՝ ավելի մեծ փուլի․ «Սկզբնական փուլում քննարկվում էին 2017 թ-ի  տարբերակները, որոնց պարագայում իրենք 2 բնակավայրերով միասին էին։ Հետագայում քննարկումների արդյունքում, որին մասնակցել են տարբեր ուժեր,  կառավարության, օրենսդիր մարմնի տարբեր գործընկերներ, որոշվեց, որ ավելի նպատակահարմար է  գնալ  ավելի խոշոր միավորներ ստեղծելուն և իրենց պարագայում որոշվեց, որ այս բնակավայրերը կլինեն Սևան խոշորացված համայնքի  մի մաս»,- ընդգծեց նախարարը։ 

«Իրենք չեն մասնակցել ընտրություններին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով, բայց այն հիմնավորումը, որ  նշում են, թե իրենց ֆինանսները կարող են այլ տեղ ծախսվել, դրա  հետ համաձայն չեն, դա թյուր կարծիք է»,- ասաց Սանոսյանը՝ հավելելով․ «Փորձը ցույց է տալիս, որ համայնքների ֆինանսկան միջոցները  ոչ միայ ծախսվում են այդ համայնքներում, այլ  նախորդ տարիների ծախսված գումարներն ավելանում են՝ ի հաշիվ խոշորացման գործընթացի»։ 

«Դեռ հարցը այդպես մնում է, բայց հարցի կարգավորման նպատակահարմարություն կառավարությունը չի տեսնում այն տարբերակով, որ իրենք են առաջարկում։ Խոշորացման մեթոդը չի կարող փոխվել»,- ասաց նախարարը։

«Բոլոր այն համայնքները, որոնք համաձայն չեն եղել, ինչ-որ կերպ իրենց բողոքի ձայնը բարձրացրել են, բայց մեր երկրի  օրենքներում հստակ  նշված է, թե նման գործընթացի իրականացնողը և պատասխանատուն ով է՝ ի դեմս կառավարության։ Կառավարությունը որոշել է, որ այնուամենայնիվ, նույնիսկ, եթե կան որոշ տեղերում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ  բողոք, ռեֆորմ է անում»,- Սանոսյանի խոսքով, ռեֆորմն արդեն իրականցվել է․ «Հիմա  441 բնակավայր խոշորացվել է,  հիմա որոշ բնակավայրերում կան բողոքներ»։

Նախարարը նկատեց․ «Եթե Ծովագյուղը խոշորացմանը դեմ է,  այդ դեպքում ինչու է կողմ Սեմյոնովկային միավորմանը։ Եթե խոշորացմանը դեմ ես, այդ դեպքում Սեմյոնովկայի հետ էլ մի միավորվիր։ Ստացվում է՝ մոդելին են դեմ, ավելի մեծ լինի, թե ավելի փոքր։ Մենք էլ փորձով, թղթերով, փաստերով ցույց ենք տալիս, որ ավելի խոշոր մոդելն ավելի օգտակար է։ Այդքան բան»։ 

  • Կիսվել: