Խոշոր վթար Երևանում․ Nissan-ը բախվել է ծառին և էլեկտրասյանը, կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:40-ի սահմաններում, Թամանցիների փողոցում՝ ժողովրդին հայտնի «Գիշերային թիթեռնիկների» հավաքատեղիի մոտ, Nissan Tiida մակնիշի 35 SX 308 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին, այնուհետև երկաթե էլեկտրասյանը, ապա մեկ այլ ծառի և մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը, որոնցից մեկին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, իսկ մեկին՝ դուրս են բերել ավտոմեքենայից, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին, ապա տեղափոխել Էրեբունի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ ավագ տեսուչ Թագվոր Թագվորյանի գլխավորությամբ:
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհա-տրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի և ուղևորի ինքնությունը: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



