երկուշաբթի, հունիս 1
1 / 6 / 2020
Խոշոր չափերով շորթման և խուլիգանության համար Վանաձորի 30-ամյա բնակիչ է կալանավորվել

Խոշոր չափերով շորթման և խուլիգանության համար Վանաձորի 30-ամյա բնակիչ է կալանավորվել

ՀՀ քննչական կոմիտի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և այլ դատավարական  գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի 30-ամյա բնակիչը, 2020 թ. հունվարի 18-ին, բռնություն գործադրելու սպառնալիքով Վանաձոր քաղաքում գործող «Դիկտիս» ՍՊ ընկերության տնօրենից պահանջել է իրեն հանձնել ընկերության կողմից կազմակերպվող հասարակական տրանսպորտի վճարովի կանգառների գործունեության ղեկավարումը և դրանից առաջացած հասույթը:

Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Վանաձոր քաղաքի վերոնշյալ բնակիչը նույն քաղաքի Մյասնիկյան հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում, 2020 թ. մայիսի 14-ին՝ ժամը 13։20-ի սահմաններում, բազմաթիվ քաղաքացիների ներկայությամբ ընդգծելով իր անձի առավելությունը, տևական ժամանակ վիճաբանել է մի շարք անձանց հետ, որի ընթացքում փոխադարձ քաշքշել և ձեռքերով հարվածներ են հասցրել միմյանց, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ: Այդ ընթացքում 30-ամյա տղամարդը որպես զենք օգտագործվող ատրճանակով կրակոցներ է արձակել, շուրջ 3 րոպե դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորել հասարակության նկատմամբ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր քաղաքի բնակչին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի (շորթում) 2-րդ մասի 3.1 կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով՝ նախատեսված հանցագործությունները առերևույթ կատարելու համար: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: