շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են

Այսօր՝ հունիսի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:50-ի սահմաններում Սևան Զովաբեր ավտոճանապարհի Գեղամավան գյուղի մուտքի մոտ բախվել են «Audi» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 9 հոգի, որոնցից 2-ն անչափահասներ են, տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները, ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու «Սևան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Աղասի Խաչատրյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի և օրվա պատասխանատու, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավետիսյանի գլխավորությամբ։

Վթարի մասին ոստիկանության Սևանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սարգսի Մարգարյան վարչության պետի տեղակալ Արման Հովհաննիսյանի Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արամ Աբրահամյանի գլխավորությամբ։ 

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։/06/27/1308037

  • Կիսվել: