Խոշոր ավտովթար Երևանում․ բախվել են Mitsubishi Chariot-ը, Nissan rogue-ն ու Renault Logan-ը, որոնցից մեկն էլ բախվել է գազատար խողովակին․ կա վիրավոր
Երեկ՝ փետրվարի 21-ին, խոշոր ավտովթար է գտեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Սեբաստիա և Տիչինա փողոցների խաչմերուկում՝ ժողովրդին հայտնի «Բանկի կռուգ»-ում, բախվել են Երևանի բնակիչ, 52-ամյա Վահագն Ա․-ի վարած Renault Logan մակնիշի, Կոտայքի մարզի բանակիչ, 47-ամյա Հրաչյա Ս․-ի վարած Mitsubishi Chariot մակնիշի և Երևանի բնակիչ, 45-ամյա Խաչատուր Խ․-ի վարած Nissan rogue մակնիշի ավտմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Խաչատուր Խ․-ն այսօր՝ փետրվարի 22-ին՝ ժամը 01։00-ի սահմաններում, բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Հրշեջ-փրկարարները փակել են Renault Logan-ի գազաբալոնի փականը, հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակ 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Արծրուն Զաքարյանն ու կրտսեր պարեկ Արամ Տոնոյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա»-ի Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, քանի որ ավտոմեքենաներից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին, ինչից գազի արտահոսք է սկսվել։Վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործություններ քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, բաժնի պետի տեղակալ Արթուր Ադամյանի և ավագ քննիչ Արման Մարդոյանի գլխավորությամբ։Վթարի փաստով Ա․ Մարդոյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։


