ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
ԱԶԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ՀՀ կրթական ոլորտին

ԱԶԲ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել շարունակելու աջակցությունը ՀՀ կրթական ոլորտին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանն ընդունել են Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Ասիական զարգացման բանկի հնարավոր աջակցությունը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների ընթացքին:

Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակը ԿԳՄՍ նախարարության կարևոր գործընկերներից մեկն է, որի հետ կրթության ոլորտում տարիներ շարունակ իրականացվել են տարբեր ծրագրեր: Արթուր Մարտիրոսյանը կարևորել է Ասիական զարգացման բանկի հետ իրականացված ծրագրերը՝ առանձնահատուկ ընդգծելով ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը:

Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել բանկին ՀՀ կրթության ոլորտի մի շարք իրավական փաստաթղթերի մշակման գործում ցուցաբերած աջակցության համար:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն իր հերթին անդրադարձել է բանկի հետ համագործակցության ուղիներին և արձանագրված լավագույն փորձին: Նրա խոսքով՝ ՀՀ կառավարությունը դպրոցաշինության ոլորտում սահմանել է բավականին հավակնոտ թիրախներ, մասնավորապես՝ 300 դպրոցի կառուցման և վերակառուցման ուղղությամբ: Ժաննա Անդրեասյանն ուրախությամբ փաստել է, որ ԱԶԲ-ի կողմից իրականացվող «Դպրոցների սեյսմիկ պաշտպանության ծրագիրն» աջակցություն է այդ թիրախների իրականացմանը: Այդ համատեքստում փոխնախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության վերջին նիստում վերոնշյալ ծրագրում ընդգրկված 10 դպրոցների տրամադրվել է գույք՝ կրթական միջավայրն առավել ամբողջական դարձնելու նպատակով:

Ժաննա Անդրեասյանը ևս կարևորել է ԱԶԲ-ի աջակցությամբ մշակված հեռավար ուսուցման հարթակը՝ ընդգծելով, որ այն ոչ միայն մեծ օգնություն էր համավարակի ժամանակ ուսումնական գործընթացի կազմակերպմանը, այլև ուղղված է կրթության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ նոր լուծումներ գտնելուն

Նախարարի տեղակալներն Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը ներկայացրել են ԲՏՃՄ առարկաների չափորոշիչների ներդրման գործընթացը, ինչպես նաև «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» հիմնական ուղղությունները:

Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչներն իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակելու աջակցությունը, որը կարող է ներառել նաև մարդկային ռեսուրսների զարգացումը: Հանդիպմանը ձեռք է բերվել պայմանավորվածություն առ այն, որ ԱԶԲ-ն կուսումնասիրի «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը» և դրանից բխող միջոցառումների շրջանակը՝ հնարավոր աջակցության ծրագրեր իրագործելու համար: Նշվել է, որ ԱԶԲ-ն հանդես կգա հնգամյա ծրագրով, որտեղ կարող են ներառվել նաև կրթության ոլորտին ուղղված աջակցության ծրագրեր՝ Կրթության զարգացման պետական ծրագրում նախանշված նպատակներին հասնելու համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԿԳՄՍ նախարարության և Ասիական զարգացման բանկի հետագա համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

  • Կիսվել: