կիրակի, նոյեմբեր 27
27 / 11 / 2022
Կայացել է ՆԳՆ ստեղծման փաթեթի ամփոփիչ հանրային քննարկումը. փաթեթը կներկայացվի Կառավարություն

Կայացել է ՆԳՆ ստեղծման փաթեթի ամփոփիչ հանրային քննարկումը. փաթեթը կներկայացվի Կառավարություն

Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Ներքին գործերի նախարարության ստեղծման փաթեթի ամփոփիչ քննարկմանը հանդես է եկել բացման խոսքով և նշել, որ օրենսդրական նախաձեռնությունը մշակվել է այն տրամաբանությամբ, որ Ներքին գործերի նախարարությունն իր տանիքի ներքո միավորելու է Արտակարգ իրավիճակների նախարարությանը, Ոստիկանությանն ու Միգրացիայի ծառայությանը:

Նա շեշտել է, որ օրենսդրական լուծումները, այդ թվում՝ անցումային ժամանակահատվածին բնորոշ, տրվել են այնպես, որ ոչ թե ապահովվի միավորվող կառույցների մեխանիկական միացումը, այլ իրապես ձևավորվի նոր նախարարություն, որի միջոցով հնարավոր կլինի մեկ կետից ապահովել արդյունավետ կառավարում՝ ճգնաժամային իրավիճակներում:

Սարգսյանը նաև փաստել է, որ մինչև Ներքին գործերի նախարարության ամբողջական կազմավորումն ապահովելը, կարգավորումներն ընտրվել են այնպես, որ չունենանք միավորվող կառույցների ֆունկցիաների անգամ մեկ րոպե կանգ:

Փոխնախարար Սարգսյանը հանրային քննարկման շրջանակներում ներկայացրել է նաև Ներքին գործերի նախարարության ձևավորման սցենարը, միավորվող կառույցների միացման գործընթացը, միավորվող կառույցների աշխատողների սոցիալական երաշխիքների ապահովմանը և անցումային ժամանակահատվածի ժամանակագրական հաջորդականությանը վերաբերող կարգավորումները:

Սարգսյանը փաստել է, որ օրենսդրական նախաձեռնությունը տալիս է բարեփոխումների փաթեթի հետագա ուղղությունները, որոնք ենթադրելու են թե՛ օրենսդրական, թե՛ գործառնական դաշտի փոփոխություններ:

Նշվել է, որ փաթեթի քննարկման հետագա փուլերում ևս կդիտարկվեն այն առաջարկները, որոնք հընթացս կներկայացվեն:

Ողջույնի խոսքով են հանդես եկել նաև Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՏԿԵՆ

Միգրացիայի ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Գործընկերները փաստել են, որ Ներքին գործերի նախարարության ստեղծումը ենթադրելու է միավորվող յուրաքանչյուր կառույցում բովանդակային փոփոխություններ, որոնք դրական ազդեցություն կունենան հանրության համար:

Հանրային լսումների շրջանակներում ծավալվել է ակտիվ քննարկում, պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ այն հարցերը, որոնք ենթադրելու են փաթեթից դուրս հետագա լուծումների հստակեցում, կքննարկվեն թեմատիկ աշխատանքային խմբերի շրջանակներում, որը թույլ կտա ավելի պատկերավոր դարձնել օրենսդրական նախաձեռնությունից հետո սպասվող լուծումները:

Հանդիպմանը մասնակցել են պետական մարմինների, ոլորտային բարեփոխումներին աջակցող միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

 

  • Կիսվել: