ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Կայացել է «Բացահայտելով հնարավորությունները․ Աղքատության նվազեցում, բնության պահպանություն և օրգանական գյուղատնտեսություն» խորագրով համաժողովը

Կայացել է «Բացահայտելով հնարավորությունները․ Աղքատության նվազեցում, բնության պահպանություն և օրգանական գյուղատնտեսություն» խորագրով համաժողովը

Հոկտեմբերի 6-ին Երևանում կայացել է «Բացահայտելով հնարավորությունները․ Աղքատության նվազեցում, բնության պահպանություն և օրգանական գյուղատնտեսություն» խորագրով համաժողովը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Հայաստանում Գերմանիայի փոխդեսպան Կլաուս Վենդելբերգերը, Գերմանիայի Բնության պահպանության միության (NABU) գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը, NABU Կովկասյան ծրագրերի համակարգման գծով ղեկավար Վիտալիյ Կովալյովը, ոլորտի այլ պատասխանատուներ, տեղացի և միջազգային փորձագետներ, այլ հյուրեր, հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Համաժողովը կազմակերպվել է Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղի և «EcoGlobe» հասարակական կազմակերպության կողմից «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում որպես աղքատության նվազեցման եվ կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում։ Ծրագիրը ֆինանսավորվում է ԳԴՀ տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) և Գերմանիայի բնության պահպանության միության կողմից։

Միջոցառման սկզբում ողջունի խոսքով հանդես է եկել Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Խոսելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ներկա վիճակի մասին՝ Արման Խոջոյանն ընդգծել է, որ Հայաստանում օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվելը շատ մեծ ջանք ու նվիրվածություն է պահանջում, սակայն աշխատանքի ճիշտ կազմակերպման դեպքում այս ոլորտում հնարավոր է մեծ արդյունքներ գրանցել։ Միաժամանակ փոխնախարարը շեշտել է ամբողջ աշխարհում օրգանական գյուղատնտեսության զարգացման կարևորոթյունը՝ հաշվի առնելով սննդի հասանելիության նվազեցման միտումները․

«Ամբողջ աշխարհում բնակչության թիվը կտրուկ աճում է, միաժամանակ նույն տեմպով ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք ունեն սննդի հասանելիության կարիք։ Այս պարագայում ոլորտում գործող արտադրողների շրջանում ցանկություն է առաջանում ավելացնել արտադրությունը, չխնայել ոչ մի ռեսուրս, այդ թվում՝ բնապահպանական, սննդի մեծ քանակներ արտադրելու համար՝ առկա պահանջարկը բավարարելու նպատակով։ Եվ հենց այստեղ է առաջ գալիս անհրաժեշտությունը միջամտել, տեղեկացնել ոլորտում գործող արտադրողներին, որ այդ նույն արդյունքներին հնարավոր է հասնել ոչ միայն «քամելով» բնապահպանական ռեսուրսները, այլև առավել արդյունավետ օգտագործելով առկա ռեսուրսները», – նշել է Արման Խոջոյանը։

OFDNA ծրագիրը մեկնարկել է 2020 թվականին, նպատակն է զարգացնել կայուն գյուղատնտեսությունը և օրգանական սերտիֆիկացումը Հայաստանում, աջակցել Հայաստանի հյուսիսային շրջաններում ֆերմերներին արտադրության կազմակերպման և արտադրանքի իրացման, աղքատության դեմ պայքարի և կենսաբազմազանության պահպանման գործում:

Համաժողովի ընթացքում քննարկվել են OFDNA ծրագրի գաղափարն ու արդյունքները, Հայաստանի կենսաբազմազանության պահպանությանն ու միջազգային նշանակությանը վերաբերող հարցեր, օրգանական գյուղատնտեսության զարգացման գործում գյուղատնտեսական կոոպերատիվների դերը, ինչպես նաև ներկայացվել են Հայաստանում օրգանական սերտիֆիկացման պահանջներն ու հնարավորությունները։

Համաժողովի շրջանակում մասնակիցների համար կկազմակերպվեն դաշտային այցելություններ՝ արտադրական գործընթացին տեղում ծանոթանալու նպատակով։

Naturschutzbund Deutschland (NABU) գերմանական հնագույն բնապահպանական հասարակական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1899 թվականին։ Ներկա դրությամբ կազմակերպությունն ունի 860 հազար անդամ։
NABU-ն իրականացնում է բնապահպանական հատուկ ծրագրեր, աջակցում է իր սեփական գիտական ​​ինստիտուտներին, իրականացնում է բնապահպանական կրթություն և լրատվամիջոցներին և քաղաքացիներին տեղեկացնում շրջակա միջավայրի և բնության պահպանության բնագավառում կարևոր խնդիրների մասին:

  • Կիսվել: