հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և անմիջապես կփոխարինվեն նորերով. քաղաքապետարան

Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և անմիջապես կփոխարինվեն նորերով. քաղաքապետարան

Կասկադում ծառերը հատվում են ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում: Հատված ծառերը անմիջապես կփոխարինվեն նոր՝ Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ օրեր առաջ քաղաքապետարանում տեղի է  ունեցել մասնագիտական խորհրդատվություն, ոլորտի տարբեր շահագրգիռ մարմինների և նեղ մասնագետների մասնակցությամբ:

«Քանի որ Երևանում կան տասնամյակներ առաջ  տնկված ու մասնագիտորեն հիմնավորված ոչ կենսունակ ծառեր, խնդիր է դրված, որպեսզի քաղաքապետարանը փոխարինի, թարմացնի նոր, ավելի կենսունակ և Երևանի բնակլիմայական պայմաններին հարմարեցված ծառերով: Եվ դա արվում է ոլորտի նեղ մասնագետների հետ համագործակցությամբ, տեղեկացմամբ և մասնագիտական գնահատականի արդյունքում»,- նշեցին քաղաքապետարանից:

Այժմ  քաղաքում կան  մի շարք ծառեր, որոնց արմատային համակարգը գնում է չորացման:
«Եվ, ելնելով այդ անհրաժեշտությունից, քաղաքում մեկնարկել է նշված ծառերի փոխարինման պրոցես։ Այդպիսի ծառերը նաև վտանգ են ներկայացնում, քանի որ ուժեղ քամու կարող են շրջվել և մարդկանց կյանքի համար վտանգ ներկայացնել: Հատված ծառերը արմատախիլ կարվեն և անմիջապես կփոխարինվեն նոր ծառերով»:

Քաղաքապետարանից ընդգծեցին, որ նաև ուսումնասիրվել են, թե որ ծառատեսակներն են, որ  Երևանի պայմաններում ավելի կենսունակ և դիմացկուն կլինեն ու երկար տարիներ կծառայեն:

Հիշեցնենք, որ քաղաքացիներից շատերը սոցցանցերի իրենց էջերում տեղադրել էին նկարներ և ահազանգել, որ քաղաքապետարանը ծառեր է հատում:

  • Կիսվել: