Կարծրատիպը, թե առողջապահական առաջնային օղակները բարձրակարգ բուժօգնություն չեն մատուցում, վաղուց հնացել է․Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի տնօրեն
Շիրակի մարզի Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկա ՓԲԸ-ում առաջնահերթ կարևորում են և՛ որակը, և՛ մատչելիությունը ու հասանելիությունը, և՛ պացիենտներին հասցեական վերաբերմունքը: Այսպես սկսվեց Infoport.am-ի զրույցը Աստղիկ Բեյբուտյանի հետ:
-Տիկին Բեյբուտյան, առհասարակ հասարակության շրջանում կա կարծրացած մտածելակերպ, որ առաջնային բուժօգնության օղակներում բարձր մակարդակի բժշկական ծառայություններ չեն մատուցվում: Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այս կարծրատիպը եւ ին՞չ եք անում Դուք, որպեսզի, այսպես ասած, կոտրեք այդ մտայնությունը:
-Թույլ տվեք չհամաձայնել վաղուց հնացած այդ կարծիքի հետ։ Ես մինչև ԱԱՊ օղակի տնօրեն նշանակվելը, եղել եմ «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ֊-ի տնօրեն և քաջատեղյակ եմ Covid-19 համավարկի ժամանակ բժիշկների տարած աշխատանքներին։ Երբ համավարկը սկսվեց, ստացիոնար հիվանդանոցները աշխատում էին խիստ ծանրաբեռնված ռեժիմով և կարողանում էին սպասարկել միջին և ծանր աստիճանի հիվանդներին, իսկ արդեն բռնկումների ժամանակ, գրեթե միայն ծանր հիվանդներին։ Այդ ընթացքում ամբողջ ծանրաբեռնվածությունը ընկնում էր ԱԱՊ օղակի վրա։ ԱԱՊ օղակի բուժաշխատողները առանցքային դերակատարում են ունեցել բնակչության առողջության բարելավման և ամրապնդման գործում։ Իրենց հոգատար և բանիմաց վերաբերմունքը կոտրել է այդ կարծրատիպը և հիմա վայելում ենք բնակչության հարգանքն ու պատիվը։
-Առհասարակ, երբ խոսում ենք «Նարեկացի» պոլիկլինիկայի մասին, տեղացիները առաջին հերթին Ձեր բարյացակամ վերաբերմունքն են շեշտում: Արդյո՞ք բարյացակամ վերաբերմունքին զուգահեռ` պոլիկիլինիկան զինված է այն համապատասխան բուժսարքավորումներով, որոնք անհրաժեշտ են առաջնային օգնություն ցուցաբերելու համար:
-Այ՛ո, իհարկե, բարյացակամ վերաբերմունքը արդեն «գործի կեսն է»։ Այդ սկզբունքով աշխատում են նաև պոլիկլինիկայի մյուս աշխատողները հոգատար են,մարդասեր,իրենց աշխատանքի նվիրյալներ են, բանիմաց են իրենց գործում։
Պոլիկլինիկան աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, ապահովված է լաբորատոր գործիքային, ախտորոշիչ բոլոր սարքավորումներով։ Նշեմ որ, վերջերս պոլիկլնիկան համալրվել է նորագույն սարքավորումներով` թվային ռենտգեն սարքով, որը վարկյանների ընթացքում տալիս է հիվանդության վերաբերյալ հստակ պատկեր։ Ապահովվել ենք նաև սոնոգրաֆիայի նորագույն սարքով, լաբորատոր իմունոֆերմենտային անալիզատորով, որը հնարավորություն է տալիս կատարել բազմաթիվ ինֆեկցիաների, հորմոնների, հակամարմինների հետազոտություններ։
Պոլիկլինիկան ունեցել է մեծ ծեռքբերումներ այս տարի։ Արդեն տեղադրել ենք արևային կայաններ։
-Հիմնականում ի՞նչ խնդիրների հետ եք բախվում Դուք, որպես պոլիկլինիկայի տնօրեն, որո՞նք են պոլիկլինիկաների առջեւ ծառացած առաջնային խնդիրները:
-Աշխատանքի ընթացքում առաջացած առօրյա խնդիրները լուծվում են իմ և պոլիկլինիկայի աշխատակիցների կողմից։ Իհարկե կան խնդիրներ, որոնք մեր տիրույթում չեն գտնվում։ Այդ խնդիրները քննարկվում են մարզային կառույցների հետ և լուծվում Շիրակի մարզպետ Մուրադյանի անձնուրաց ջանքերով։
-Տիկին Բեյբուտյան, խոսենք նաեւ պոլիկլինիկայի մատուցած ծառայությունների մասին:
-Իրականացնում ենք առողջության առաջնային պահպանման բոլոր ծառայություններ` ընտանեկան բժիշկություն, տեղամասային թերապևտիկ ծառայություն, տեղամասային մանկաբույժական ծառայություն, մակաբարձ-գինեկոլոգիական սպասարկում: Նեղ մասնագիտական ծառայություններից գործում են վիրաբուժավնասվածքաբանական, ակնաբուժական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ներզատաբանական, նյարդաբանական, սրտաբանական, ուռոլոգիական, ֆթիզիատրիկ, մաշկավեներաբանական, ստոմատոլոգիական, ինֆեկցիոն ծառայությունները և դեռահասների կաբինետները:
Գործում է նաև կլինիկական, բիոքիմիական, բջջաբանական լաբորատորիան, ռենտգենաբանական, էլեկտրասրտագրության, ուլտրաձայնային ծառայությունները, ֆիոզիոթերապևտիկ, մանիպուլյացիոն, պատվաստումների կաբինետները, ներպոլիկլինիկական դեղատունը, մատենավարման բաժինը:
-Եվ վերջում, առաջնային բուժօգնություն մատուցող հաստատությունների խնդիրների լուծման հարցում Դուք հանրապետական և մարզային իշխանությունների կողմից աջակցություն զգու՞մ եք:
- Միանշանակ զգում ենք մարզային իշխանությունների կողմից աջակցություն։ Մեր մարզետը` պարոն Մուրադյանը, ամենօրյա ռեժիմով հետևում է կատարվող աշխատանքներին, քննարկում, վերլուծում և հմուտ լուծումներ տալիս։ Հանրապետական և մարզային կառույցների ուշադրության շնորհիվ առողջապահության ոլորտը օրօրի ավելի է զարգանում և մեր առաջ անընդհատ նոր հնարավորություններ են բացվում։
Ներդրվել են բազմաթիվ առողջապահական ծրագրեր, որոնք էլ ավելի են բարձրացնում բուժսպասարկման որակը։ Այլ խոսքով՝ ամեն ինչ արվում է ի նպաստ մեր քաղաքացիների։ Մեր Կառավարությունը` հանձինս Առողջապահության նախարարության, դժվարին ժամանակներում (Covid-19, 44 օրյա պատերազմ), այդ թվում Արցախից բռնի տեղահանված ազգաբնակչությանը օգնություն և աջակցություն ցուցաբերելու հարցում, բազմիցս ապացուցել է, որ կանգնած է մեր ժողովրդի կողքին։ Արվել է հնարավորն ու անհնարինը արագ արձագանքելու և օբյեկտիվ կերպով օգնություն ցուցաբերելու համար։
Նշեմ նաև, որ մինչ օրս տարբեր խնդիրներով մեր պոլիկլինիկա են դիմել Արցախից բռնի տեղահանված մոտ 500 քաղաքացի։ Բոլորին տրամադրվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և սպասարկում։